Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Բերդի ուսումնարանի ուսանողները ձեռնոցներ կարտադրեն

Օգոստոսի 10-ին Տավուշի մարզի այցելության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բերդ քաղաքում այցելեց «Տավուշտեքստիլ» ՍՊԸ ձեռնոցների գործարան: Այդ այցի ժամանակ «Տավուշտեքստիլի» հիմնադիր եւ սեփականատեր Սուրեն Երիցյանը վարչապետին ասաց, որ ծրագիր կա Բերդի արհեստագործական ուսումնարանի սաների համար մասնագիտական ուսուցում կազմակերպել, որպեսզի նրանք հետո աշխատանքի անցնեն ձեռնոցի գործարանում: Ս. Երիցյանն ասաց, որ այդ գործին խանգարողներ կան, սակայն անուններ չտվեց: Վարչապետը խոստացավ աջակցել խնդրի լուծմանը: Այն արդեն լուծվում է: Սեպտեմբերի 11-ին Բերդի համայնքի ավագանին որոշվել է լուծարված Բերդի վարժարանի շենքը ԿԳՆ Բերդի արհեստագործական պետական ուսումնարանին անհատույց օգտագործման տրամադրելու մասին: Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը հայտնեց, որ այդ շենքում կտեղադրվեն «Տավուշտեքստիլի» ձեռք բերած, 150 հազար դոլար ընդհանուր արժեքով հաստոցներ, որոնց միջոցով Բերդի արհեստագործական ուսումնարանի սաները մասնագիտական հմտություններ ձեռք կբերեն: Հ. Մանուչարյանը մեծապես գնահատեց այդ գործը, ասելով, որ կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը, սահմանագոտու երիտասարդության զբաղվածության ապահովմանը: «Տավուշտեքստիլը» ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որ ուսանողների արտադրած ձեռնոցների գինը ձեռնարկությունն ամբողջությամբ կվճարի, դրա մի մասը կտրվի արտադրող ուսանողին, մնացածը ՝ ուսումնարանի բյուջեին: Արտադրական ուսումնառության ավարտից հետո ուսանողները աշխատանքի կանցնեն տեքստիլ ձեռնարկությունում, ուր փորձ ունեցող բանվորներն ամսական 150 հազար դրամ աշխատավարձ են ստանում: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 17:00 13/09/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia