Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Չեն կարողանում բնակարան գնել

Զինված ուժերում  երկարատեւ  ծառայություն անցած, բնակարանի կարիք ունեցող անձանց պետության կողմից բնակարաններով ապահովելու ծրագիր է իրականացվում, ինչը   օգնություն է տարիներ շարունակ ուրիշի հարկի տակ ապրած զինվորականներին ու նրանց ընտանիքներին։ Սակայն այդ ծրագրի հետ կապված մտահոգություններ կան։ Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Ռուբիկ Փափախչյանը երկար տարիներ  ծառայել է  ՀՀ զինված ուժերում,  ազատամարտի վետերան է։  Նա 2002թվականից բնակարանի կարիք ունեցող զինվորականների ցուցակի սկզբում է։ Անցած 17 տարիներին նրա ընտանիքում շատ բան է փոխվել,  երկու երեխաները մեծանալով՝ հիմա արտերկրում  են, ուսուցչուհի կինը վաղաժամ   մահացել է։   Զինվորական կենսաթոշակառու Ռ Փափախչյանը հայտնեց, որ իրեն, որպես մեկ անձի առաջարկվում  է  3 միլիոն դրամի  սերտիֆիկատ, որով  նա   պետք է  իր համար բնակարան  գնի։  Բնակարանի  սերտիֆիկատը  ուժի մեջ է  համապատասխան պայմանագիրը կնքելուց հետո 6 ամսվա ընթացքում։ Ռ Փափախչյանը պարզել է, որ Նոյեմբերյան քաղաքում  մեկ սենյականոց  ամենաէժան բնակարանը 8-10 հազար դոլար է, 3 միլիոն դրամով հնարավոր չէ  մեկ սենյականոց բնակարան գնել։ Նա ասաց, որ  մեկ սենյակ գնելու համար 3 միլիոն դրամի չափը  սահմանվել է  Կադաստրից ստացված տեղեկատվության հիման վրա, այդ տեղեկատվությունը չի  համապատասխանում  բնակարանների շուկայական գներին։  Փափախչյանը հայտնեց, որ ինքը չի ուզում սերտիֆիկատ ստանալ, թող  պետությունը իր համար Նոյեմբերյանում մեկ սենյականոց բնակարան ձեռք բերի։   Ռ Փափախչյանը հայտնեց, որ  Նոյեմբերյան քաղաքին հարակից Կողբ գյուղի զինավանում բնակվող,  կենսաթոշակառու   զինվորականներին առաջարկել են ազատել զինավանում նրանց  զբաղեցրած  բնակարանային տարածքները, փոխարենը տրամադրելով բնակարանների  սերտիֆիկատներ։  Զինված ուժերի վետերանների մի մասը չգիտի, թե արդյոք  բնակարանային  սերտիֆիկատի գումարը բավարար կլինի՞  այն  գնելու համար։

Հրապարակվել է։ 10:10 18/11/2019