Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ճանապարհաշինարարներն ուշացնում են, ուղեւորները՝ տուժում

Լոռու մարզի Ձորագետ համայնքի տարածքում, միջպետական ավտոճանապարհի եզրին ցուցանակ է տեղադրված, որին գրված է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի վերանորոգումը կավարտվի 2018թ. փետրվարի 20-ին: Ակնհայտ է, որ 2018թ. փետրվարի 20-ին այդ ճանապարհի վերանորոգումն ավարտված չի լինի: Մեր տեղեկություններով`ասֆալտապատվել է Վանաձոր-Ալավերդի ճանապարհի մեկ երրորդ մասը, այդտեղ դեռ մեծ ծավալի աշխատանքներ պետք է իրականացվեն: Վանաձոր-Ալավերդի մոտ 35 կմ հատվածի նորոգումը մեկնարկել է 2016թ. սեպտեմբերի 14-ից, այդ օրվանից Վանաձոր-Ալավերդի հատվածում երթեւեկությունը դադարեցվել է: Նշված ավտոճանապարհի նորոգման աշխատանքները կատարվում են եվրոպական ներդրումային բանկից ստացված վարկային միջոցներով: Նորոգման աշխատանքներում ընդգրկված է 3 կազմակերպություն`«Կապավոր», «Ճանապարհ» եւ «Արարատյանշին» ՍՊԸ-ները: Վանաձոր-Ալավերդի ճանապարհի նորոգման ուշացման պատճառով տուժում են Լոռու եւ Տավուշի մարզերի բնակիչները: Նոյեմբերյան-Վանաձոր երթուղու միկրոավտոբուսները եւ ավտոբուսները Վանաձոր են հասնում եւ վերադառնում ձմռան ամիսներին վտանգավոր Օձունի ոլորաններով, շրջանցիկ`Ստեփանավանի տարածաշրջանով ձգվող ճանապարհով, անցնելով լրացուցիչ մոտ 35 կմ: Դրա հետեւանքով ուղեվարձը թանկացել է: Նախկինում Նոյեմբերյան-Վանաձոր երթուղու ավտոբուսի տոմսի գինը 900 դրամ էր, միկրոավտոբուսինը`1200: Ներկայումս այդ երթուղու ավտոբուսի տոմսի գինը 1200 դրամ է, միկրոավտոբուսինը`1500: Ուղեւորները դժգոհում են, որ շրջանցիկ ավտոճանապարհն անցնելու համար նաեւ հավելյալ 40-50 րոպե ժամանակ են ծախսում:

Հրապարակվել է։ 15:00 25/12/2017

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia