Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Դատախազը միջնորդել է Գրիգոր Մաթեւոսյանին դատապարտել 23 տարվա ազատազրկման

2017թ. փետրվարի 8-ից  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում ընթանում   է Բերդ քաղաքի 27-ամյա բնակիչ Գրիգոր  Մաթեւոսյանի դատավարությունը: Նա  մեղադրվում է  այն բանի համար, որ նա 2016թ. մարտի 18-ի ուշ երեկոյան Տավուշի մարզի Տավուշ գյուղի վարչական տարածքում գտնվող Տավուշի ջրամբարի թերակղզու հարակից տարածքում տեղի ունեցած վիճաբանության եւ ծեծկռտուքի ընթացքում համաքաղաքացի, 39-ամյա Վրեժ Բաբկենի Մաթեւոսյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ՝ ձեռքին եղած դանակով հարվածել է նրա հետանցքի շրջանին՝ պատճառելով հետանցքի շրջանի ծակած-կտած վերք՝ ձախից, արտաքին արյունահոսություն, 3-4 աստիճանի կոմբինացված շոկ, ագոնալ վիճակ: Դրանից հետո Գ. Մաթեւոսյանը Բերդ քաղաքի բնակիչ 28-ամյա Գագիկ Արթուրի Ճաղարյանին կյանքից զրկելու դիտավորությամբ ձեռքի դանակով հարվածել է նրա կրծքավանդակի առաջնային եւ հետին երեսին, սպանել նրան: Գ. Մաթեւոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով («Սպանությունը») եւ 112 հոդվածի 1-ին մասով («Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը»): Գ. Մաթեւոսյանը ավելի քան 2 տարի, 2016թ. մարտի 20-ից գտնվում է կալանքի տակ: Գ. Մաթեւոսյանի հայրը՝ Հրայր  Մաթեւոսյանը  հայտնեց, որ հուլիսի 11-ի նիստում  դատախազ Ներսես Չիլինգարյանը  մեղադրական ճառի ավարտին դատարանին միջնորդել է Գ.Մաթեւոսյանին մեղավոր ճանաչել նրան  առաջադրված հոդվածներում եւ  դատապարտել 23 տարի ժամկետով  ազատազրկման: Հ. Մաթեւոսյանը պնդում է, որ   իր որդին  այդ քրեական գործով անմեղ է, քրեական գործի քննությունը ճիշտ չի կատարվել:  Գ. Մաթեւոսյանի  շահերը դատարանում պաշտպանում են փաստաբաններ Լեւոն Բաղդասարյանը եւ Թադեւոս Ալեքսանյանը:Այդ գործով դատավարությունը հաջորդ՝ օգոստոսի 2-ի նիստում ճառով հանդես կգա պաշտպանական կողմը: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 17:00 14/07/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia