Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Դատարանն արդարացրել է 2 հոդվածով մեղադրվող «Դիլիջան ազգային պարկի» նախկին տնօրենին

Դիլիջան քաղաքի բնակիչ, 1961թ. ծնված Աշոտ Դավթյանի դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում մեկնարկել է 2017թ. հոկտեմբերի 13-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարության համակարգում գործող «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, հանդիսանալով կազմակերպական-տնօրինական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող ղեկավար պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով`չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները՝ իրեն ենթակա աշխատակիցներին տվել է մահացած անձանց անվամբ անտառխախտման արձանագրություն կազմելու վերաբերյալ ապօրինի հանձնարարություն, այնուհետեւ անձնական դրդումներից ելնելով`պաշտոնական փաստաթղթերում անձամբ ստորագրելով եւ կնիք դնելով ամբողջացրել է կեղծ փաստաթղթերի կազմումը, այդ կերպ նա մասնակցել է պաշտոնական կեղծիքի կատարմանը, ապա պաշտոնական կեղծ փաստաթղթերը հանձնել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության աշխատակիցներին, ինչի հետեւանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս: Ա. Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով («Պաշտոնական լիազորությունները չարաշահելը») եւ 314 հոդվածի 1-ին մասով («Պաշտոնեական կեղծիքը»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում կայացած դատավարության ավարտին դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը համարել է, որ այդ քրեական գործի նախաքննության ընթացքում թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17, 25 հոդվածների պահանջների խախտում, համաձայն որոնց քրեական հետապնդում իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել այդ օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտման համար, պարզել ինչպես կասկածյալի եւ մեղադրյալի մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ նրանց արդարացնող հանգամանքները, եւ որ քրեական դատավարությունում ոչ մի ապացույց նախապես հաստատված ապացույցի ուժ չունի: 2018թ. հուլիսի 2-ին Իջեւան քաղաքում դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով եւ 314 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում Աշոտ Դավթյանին ճանաչել անմեղ եւ արդարացնել, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, վերացնել, ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված քաղաքացիական հայցը թողնել առանց քննության, Ա. Դավթյանի անշարժ գույքի, տրանսպորտային եւ դրամական միջոցների վրա դրված կալանքը վերացնել Նշված դատավճիռը վերաքննության կարգով կարող է բողոքարկվել հրապարակման պահից մեկամսյա ժամկետում: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 18:55 27/07/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia