Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Դեգտարյովի դիպուկահար հրացանով մարտական դիրքում սպանել է ծառայակից զինվորին

Դեգտարյովի դիպուկահար հրացանով մարտական դիրքում սպանել է ծառայակից զինվորին

Բերդ քաղաքում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում, Տավուշի մարզային դատարանի նախագահ Սամվել Մարդանյանի նախագահությամբ ընթանում է Արման Վոլոդյայի Հակոբյանի դատավարությունը:

Նա մեղադրվում է, քանի որ հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2017թ. ապրիլի 28-ից մայիսի 12-ը, որպես դիտորդ մարտական հերթապահության մեջ ընդգրկված լինելով ՊՆ մեկ այլ զորամասի պահպանությանը հանձնված մարտական հենակետում, 2017թ մայիսի 10-ի ժամը 06.20-ից մինչեւ 08.20-ը, ըստ մարտական հերթապահության գրաֆիկի, որպես դիտորդ ծառայություն իրականացնելով` կրակել է Գագիկ Մեսրոպյանի վրա:

Ա. Հակոբյանը Գ. Մեսրոպյանի կողմից՝ նրա զենքը վերցնողի մասին իմանալու պայմաններում ստողի, այսինքն` տվյալ դեպքում իր հասցեին սեռական բնույթի հայհոյանք տալուց հետո, վրեժի շարժառիթով նրան կյանքից զրկելու դիտավորությամբ իրեն ամրակցված Դեգտարյովի դիպուկահար հրացանով մեկ կրակոց է արձակել Գ. Մեսրոպյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով հրազենային վնասվածք:

Գ. Մեսրոպյանը Բերդի զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Ա. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով («Սպանությունը»): Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է 8-15 տարի ազատազրկում:

Ա. Հակոբյանը կալանքի տակ է, նա գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում: Սպանված Գագիկ Մեսրոպյանը Սյունիքի մարզի Տեղ գյուղից էր, կոչումով`կրտսեր սերժանտ: Նա Գորիսի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետն ավարտելուց հետո էր մեկնել ժամկետային զինծառայության:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ


https://aravot.am

Հրապարակվել է։ 23:00 08/12/2017

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM