Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Դիլիջան համայնքի կենցաղային աղբը ինչո՞ւ են տեղափոխելու Ղուրսալի

Դիլիջան համայնքի կենցաղային աղբը ինչո՞ւ են տեղափոխելու Ղուրսալի

2014թ. հոկտեմբերի 23-ին Տավուշի մարզպետարանում, մարզպետ Հովիկ Աբովյանի մամուլի ասուլիսի ժամանակ հարց տվեցինք Տավուշի մարզում աղբահանության հիմնահարցի մասին, ասելով, որ մարզկենտրոն Իջեւանի աղբավայրը գտնվում է Լուսաձոր համայնքի վարչական տարածքում, միջպետական ավտոճանապարհի եզրին: Մարզպետն ասաց, որ այդ խնդիրը գտնվում է իր ուշադրության կենտրոնում, համայնքների աղբահանության եւ սանիտարական մաքրության հարցը քննարկվել է մարզխորհրդի նիստերում, նշելով՝ մարզում համայնքներ կան, որոնք շուրջ 20 տարի պայմանավորվածություն ունեն հարեւան համայնքի հետ եւ աղբը այդ համայնքի տարածք են տեղափոխում:

Հ. Աբովյանն ասաց, որ գերմանական մի կազմակերպություն պատրաստակամություն է հայտնել աղբի վերամշակման համար համագործակցել Վանաձոր եւ Դիլիջան քաղաքների հետ, Վանաձորի վարչական տարածքում պետք է ստեղծվի աղբի վերամշակման ձեռնարկություն: Նա հայտնեց, որ եվրոպական կազմակերպություններ կան, որոնք ցանկություն են հայտնել Հայաստանում աղբի վերամշակման ձեռնարկություններ ստեղծել: Մարզպետը հույս հայտնեց, որ կհաջողվի նման մի կազմակերպության միջոցով լուծել Տավուշի մարզի աղբավայրերի խնդիրը:

Ավելի քան 3 տարի է անցել մարզպետի այդ ասուլիսից, Տավուշի մարզի աղբի վերամշակման խնդիրը չի լուծվել: Օրերս Հ. Աբովյանին հարցում ենք ուղարկել, հարցնելով՝ նախատեսվո՞ւմ է Իջեւան եւ Դիլիջան քաղաքների կենցաղային աղբը վերամշակել, այդ նպատակով գործարան կառուցվելո՞ւ է:

Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արման Գեւորգյանի կողմից ներկայացված պատասխանում նշված է. «Ներկայումս մշակվում է ռազմավարություն կոշտ կենցաղային թափոնների կառավարման ուղղությամբ, նախատեսվում է մինչեւ 2018-2020թթ. Լոռու մարզի Ղուրսալի համայնքի տարածքում 50 հեկտարի վրա 30 մ խորությամբ կառուցել եվրոպական եւ ժամանակակից չափանիշներին համապատասխան կոշտ կենցաղային թափոնների աղբավայր (համալիր), որը ներառելու է նաեւ Դիլիջան համայնքի կենցաղային աղբի տեղափոխումը՝ կոշտ կենցաղային թափոնների վերբեռնման սկզբունքով: Առաջիկայում Իջեւան համայնքի կամ Իջեւանի տարածաշրջանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման նպատակով ժամանակակից աղբավայրի կառուցում նախատեսված չէ»:

Նշենք, որ Դիլիջան քաղաքից մինչեւ Ղուրսալի շուրջ 50 կմ է: Խոշորացված Դիլիջան համայնքի կազմում կան գյուղեր, որոնք Դիլիջան քաղաքից 20-25 կմ հեռու են, այդ գյուղերից մինչեւ Ղուրսալի 70-75 կմ հեռավորություն է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ


https://aravot.am

Հրապարակվել է։ 17:00 04/12/2017

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
ՍՊԱՍԱՐԿՎՈՒՄ է ՝ CREATE'IT SOFTWARE ՍՊԸ-ի կողմից
Շահավետ տեխնոլոգիական լուծումներ