Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Դիլիջանի ճանապարհաշինական ընկերությանը դատի է տվել

Երեւանում գրանցված «Վարան գրուպ» ՍՊԸ-ն Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի մարտի 13-ի վճռով ճանաչվել է սնանկ, նույն դատարանի մարտի 31-ի որոշմամբ «Վարան գրուպ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Դավիթ Ադամյանը: 2017թ. հոկտեմբերի 31-ին «Վարան գրուպ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Դ. Ադամյանը քաղաքացիական հայց ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ընդդեմ Դիլիջանի «Հաղարծին» ՓԲԸ-ի`պարտապանին պատճառված վնասը հետ ստանալու պահանջի մասին հայցադիմումով : Դավիթ Ադամյանն ասաց, որ սնանկացած «Վարան գրուպ» ՍՊԸ-ն զբաղվել է Հայաստան անվադողերի, ավտոմեքենաների ակումլյատորների ներկրմամբ, Դիլիջանի «Հաղարծին» ՓԲԸ-ն այդ ընկերությանը գումար է պարտք: Պարտքի գումարի չափը Դ. Ադամյանը չհայտնեց: Նա ասաց, որ մինչ դատարան դիմելը պարտքի մասին գրավոր ծանուցել է «Հաղարծին» ՓԲԸ-ին,սակայն այդ ծանուցումն արդյունք չի տվել, Դիլիջանի ճանապարհաշինական ընկերությունը չի վճարել պարտքի գումարը: Դատավոր Արմեն Օհանյանը հայցադիմումը ընդունել է վարույթ: 2018թ. հունվարի 23-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Դիլիջանի նստավայրում այս գործով կայացել է նախնական դատական նիստ: Հաջորդ նիստը նշանակված է մարտի 13-ին: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 22:00 07/02/2018

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM