Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Դիլիջանի զինկոմի որդու քրեական գործով տուժողը մեղադրվում է սուտ մատնության համար

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Դիլիջան քաղաքի բնակիչ Սերգեյ Միքայելյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, կատարել է սուտ մատնություն: Համաձայն առաջադրված մեղադրանքի` Սերգեյ Միքայելյանը ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարեւորագույն գործերով քննիչ Սմբատ Սաղաթելյանին մեղադրել է քրեական գործով ապացույց կեղծելու`ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով նախատեսված հանցագործության մեջ: Ս. Միքայելյանը կալանավորված է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է`գիտակցելով,որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է,որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով» ): Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկում: Սերգեյ Միքայելյանը Դիլիջանի զինկոմ Հովհաննես Հակոբյանի որդու`Դավիթ Հակոբյանին առնչվող քրեական գործով տուժող էր, նա մեղադրվում է այդ քրեական գործով քննիչ Ս. Սաղաթելյանի հանդեպ սուտ մատնության կատարելու մեջ: Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. փետրվարի 11-ին Դիլիջանի Կալինինի փողոցի 4-րդ նրբանցքում Դավիթ Հակոբյանը շատերի համար վտանգավոր եղանակով Սերգեյ Միքայելյանին սպանելու դիտավորությամբ, իր կողմից ապօրինի ձեռք բերված եւ պահվող հրազենով կրակոցներ է արձակել վերջինիս «Նիսսան Տեանա» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, մեկ անգամ հետեւի աջ դռան եւ երկու անգամ`պաշտպանիչ վահանակի ուղղությամբ: Կրակոցների հետեւանքով Սերգեյ Միքայելյանին պատճառել է աջ ոտքի շրջանում մարմնական վնասվածք: Հանցագործությունն ավարտին չի հասցվել Դ. Հակոբյանի կամքից անկախ հանգամանքներում: Ս. Միքայելյանը կրակոցներից հետո ավտոմեքենայի նստատեղից հանել է այնտեղ պահված ինքնաձիգը եւ ավտոմեքենայի պատուհանից 3-4 անգամ օդ կրակել, որպեսզի այլեւս իրենց ուղղությամբ չկրակեն: Նա կրակելուց հետո ինքնաձիգն աղբամանն է նետել: Հայտնել ենք, որ 2017թ. նոյեմբերի 28-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը վճռել է ճանաչել եւ հռչակել Դավիթ Հակոբյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով նրան մեղսագրված հանցագործությունների կատարման մեջ`կատարված հանցագործություններին նրա մասնակցությունն ապացուցված չլինելու հիմնավորմամբ:

Հրապարակվել է։ 19:25 22/01/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia