Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Դիլիջանում բացվեց «Պանորամա» քայլարշավային ուղին

Սեպտեմբերի 7-ին Դիլիջանում հանդիսավորությամբ բացվեց «Պանորամա» քայլարշավային ուղին, որը ստեղծվել է Տավուշի մարզի եւ Գերմանիայի Բավարիա Ռեգեն երկրամասային շրջանի միջեւ համագործակցության շրջանակներում՝ «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ, որն իրականացվում է Գերմանիայի համագործակցության ընկերության կողմից (GIZ) Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ: Ծրագրի գործընկերն է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը: Միջոցառումը բացեց, ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, որը քայլարշավային ուղու ստեղծումը բնութագրեց որպես նոր, ժամանակակից զբոսաշրջային մշակույթի ներդրում: Քայլարշավային ուղու ստեղծման առթիվ շնորհավորեցին Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, Ռեգեն երկրամասային շրջանի մարզպետ Ռիտա Րորլը, Դիլիջան համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Մակարյանը: Նրանք անդրադարձան Տավուշ- Ռեգեն համագործակցության արդյունավետությանը,համոզմունք հայտնելով, որ հետագայում կիրագործվեն ավելի մեծ համատեղ ծրագրեր: «Պանորամա»-ն 6,9 կմ երկարությամբ շրջանաձև քայլարշավային ուղի է, որն անցնում է անտառներով և արոտավայրերով, որի մի հատվածում բացվում է գեղատեսիլ տեսարան դեպի «Դիլիջան» ազգային պարկ: Ուղին իր մեջ ընդգրկում է պիկնիկի համար նախատեսված 5 գոտի, պատմական Փոքր Դիլի գյուղատեղին՝ հին գերեզմանոցով եւ «Խաչեր» կոչվող սրբավայրով: Ուղու նպատակակետ է հանդիսանում «Թթու ջուր» անվանումը կրող հանքային ջրի աղբյուրը: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 22:00 07/09/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia