Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Դիլիջանում մտադիր են վերադարձնել 8 հեկտար տարածքը

Սեպտեմբերի 20-ին Տավուշի մարզպետի տեղակալ Կարեն Խուդավերդյանը եւ մարզպետարանի աշխատակազմի հողաշինության եւ հողօգտագործման բաժնի վարիչ Արծրուն Նազարյանը Դիլիջանի համայնքապետարանում ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական Վարդան Գրիգորյանի հետ քննարկել են քարտեզագրման անճշտության հետ կապված հարց: Քննարկմանը մասնակցել են Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը, համապատասխան մասնագետներ: Խնդիրն առնչվում է համայնքի եւ ազգային պարկի միջև սահմաններին, ժամանակին սխալ քարտեզագրման արդյունքում Դիլիջան քաղաքից 8 հեկտար տարածք անցել է ազգային պարկին: 1968 թվականին Դիլիջանի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի որոշմամբ Դիլիջանի հակատուբերկուլյոզային առողջարանի կառուցման համար հատկացվել է 18 հեկտար հողատարածք: 2010 թվականին իրականացվել է առողջարանի նկատմամբ քաղաքացու սեփականության իրավունքների պետական գրանցում, համաձայն որի հողամասի մակերեսը 18 հեկտարի փոխարեն կազմել է 10 հեկտար, իսկ տարբերություն 8 հեկտարը քարտեզում ներկայացվել է որպես ազգային պարկի տարածք: Դիլիջանի համայնքապետարանում քննարկվել է այդ 8 հեկտար տարածքի նպատակային նշանակությունը փոխելու հարցը: Ներկայումս սեփականության իրավունքով քաղաքացուն պատկանող 10 հեկտար տարածքում կատարվում են շինարարական աշխատանքներ: Իսկ նպատակային նշանակությունը փոփոխելու դեպքում «Սոլար Սոլյուշնզ» ՓԲԸ-ն պատրաստ է այդտեղ իրականացնել 2 խոշոր ծրագիր, որի համար կկատարի 32 միլիոն եվրոյի ներդրում:8 հեկտար հողատարածքի նպատակային նշանակության փոփոխության դեպքում համայնքային բյուջե կմուտքագրվի ավելի քան 150 միլիոն դրամ , ինչպես նաեւ՝ հողի հարկի մասով համայնքային բյուջե լրացուցիչ կմուտքագրվի տարեկան մոտ 1 միլիոն դրամ, չհաշված կառուցվող շենք-շինությունների գույքահարկերը: Դիլիջան համայնքի ղեկավար Ա. Սանթրոսյանը մեզ հայտնեց, որ ՀՀ քաղաքացի հանդիսացող անձը 10 հեկտարը սեփականաշնորհել է, անճշտության պատճառով նշված 8 հեկտարը դուրս է մնացել սեփականաշնորհումից, այժմ քաղաքացին ցանկանում է նաեւ այդ տարածքում ներդրումային ծրագիր իրականացնել: Դիլիջանի համայնքապետարանում քննարկման արդյունքում բնապահպանության նախարարի խորհրդական Վ. Գրիգորյանն ասել է, որ հարցի մասին մանրամասն կզեկուցի կառավարություն:   Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 00:00 04/10/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia