Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Դիլիջանցի անտառապահը մարգահովտցու  կամքով, նրա անվամբ անտառխախտման  կեղծ արձանագրություն է կազմել

Դիլիջան քաղաքի բնակիչ, 1976թ. ծնված Գագիկ Մելյանը, հանդիսանալով «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի 4-րդ պահաբաժնի անտառապահ, լինելով պաշտոնատար անձ, կատարել է պաշտոնեական կեղծիք, իր պահաբաժնում 2017թ. հոկտեմբերի 31-ին հերթական ստուգայցի ժամանակ, հայտնաբերելով անհայտ անձի կողմից ապօրինի հատված 3 հատ բոխի տեսակի թաց կանգուն ծառ եւ չկարողանալով հայտնաբերել հատում կատարած անձին, Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի բնակիչ, 1961թ. ծնված Մհեր Մինասյանին խնդրանքով դիմել է, որպեսզի այդ ծառերը ապօրինի հատելու վերաբերյալ վերջինիս անվամբ կազմի անտառխախտման արձանագրություն, խոստանալով, որ ինքը կվճարի անտառխախտման արձանագրության հետեւանքով առաջացած վնասները: Մհեր Մինասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Գագիկ Մելյանի խնդրանքով, նրան օգնելու նպատակով 2017թ. հոկտեմբերի 31-ին Գագիկ Մելյանի հետ ներկայանալով «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի վարչական շենք, հաստատել է Գ. Մելյանի այն տեղեկությունը, թե իբր ինքն ապօրինի հատել է 3 հատ բոխի տեսակի ծառ: Գ. Մելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով(«Պաշտոնեական կեղծիքը»), Մ. Մինասյանին՝ 38-314 հոդվածի 1-ին մասով («Պաշտոնեական կեղծիքի փորձը):  Մինչ  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում դատաքննությունը սկսվելը Գ. Մելյանը եւ Մ. Մինասյանը  միջնորդել են  անցկացնել արագացված դատաքննություն, հայտարարելով, որ միջնորդությունը ներկայացրել են կամավոր, խորհրդակցել են  պաշտպանի հետ, գիտակցում են  արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետեւանքները, առաջադրված մեղադրանքն իրենց պարզ է, համաձայն են մեղադրանքի հետ: Դատարանը միջնորդությունը բավարարել է: Հուլիսի 3-ին դատավոր Սամվել Մարդանյանը վճռել է Գ. Մելյանին մեղավոր ճանաչել   ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով(«Պաշտոնեական կեղծիքը») եւ նրան դատապարտել 250 հազար դրամի չափով տուգանքի, մեկ տարի ժամկետով զրկելով պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում պատասխանատու պաշտոններ զբաղացնելու իրավունքից, Մ.Մինասյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-314 հոդվածի 1-ին մասով նրան դատապարտել 200 հազար դրամի չափով տուգանքի, մեկ տարի ժամկետով զրկելով պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ    

Հրապարակվել է։ 16:00 13/07/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia