Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Դպրոցի տնօրենի պաշտոնի համար սահմանամերձ Վ. Կարմիրաղբյուրում «պատերազմ» է

Տեւական ժամանակ է, ինչ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցում եւ գյուղում լարված դրություն է: 189 աշակերտ ունեցող դպրոցը նախկինում Բերդի տարածաշրջանի լավագույն կրթօջախներից էր: Վ. Կարմիրաղբյուրի դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար 2017թ. դեկտեմբերի 8-ին կայացած մրցույթի մասնակիցները երկուսն էին՝ 2017թ. հոկտեմբերի 3-ից այդ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, մասնագիտությամբ բանասեր Նարինե Բուդուրյանը եւ նույն դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Անուշ Եսայանը: Ա. Եսայանը 2017թ. մի քանի ամիս եղել է այդ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Դեկտեմբերի 8-ի մրցույթի արդյունքում 2 թեկնածուները ստացել են հավասար`4-ական ձայն: Ըստ օրենքի` Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հարցը ներկայացրել է կառավարություն եւ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի առաջարկով մարզպետը 10-օրյա ժամկետում պետք է տնօրեն նշանակեր: Դրա համար նախատեսված ժամկետը վաղուց անցել է, սակայն դպրոցի տնօրեն չի նշանակվել: Ն. Բուդուրյանն ասաց, որ իրենց անձնական գործերի պատճեններն ուղարկվել են կառավարություն: Նա հայտնեց, որ արդեն մեկ տարի դպրոցում դասապրոցեսը նորմալ չի անցկացվում, թշնամություն է ստեղծվել գյուղի ընտանիքների, անգամ աշակերտների միջեւ: Նա ասաց, որ դպրոցի տնօրենի հարցի հետ կապված իր 16-ամյա տղային կանչել են քարհանք, վիճաբանել: Խնդրի կապակցությամբ օրերս Վ. Կարմիրաղբյուրի դպրոց է ժամանել ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության տարածքային կառավարման վարչության պետ Արթուր Սողոմոնյանը: Ն. Բուդուրյանի խոսքերով` գյուղի մի խումբ ծնողներ այդ կապակցությամբ հարբած եկել են դպրոց, բղավել, իրենց անկարգ պահել: Նրա վկայությամբ` 19 տարվա բանասեր-մանկավարժ է, իր աշակերտները առարկայական օլիմպիադաներում հաղթողներ են դարձել, ինքը նախկին համայնքապետ Կամո Չոբանյանի հորդորով է դպրոցի տնօրենի մրցույթին մասնակցելու համար պահանջվող սերտիֆիկատ ստանալու համար դասընթացի մասնակցել: Ն. Բուդուրյանը դեմ չէ, որ դպրոցի տնօրեն մեկ ուրիշ, 3-րդ անձ նշանակվի, միայն թե դպրոցում եւ գյուղում կրքերը հանդարտվեն: Սահմանամերձ գյուղի դպրոցի շենքը վթարային է: Թեեւ շենքը նախկինում 2 անգամ մասնակի նորոգման է ենթարկվել, սակայն դասասենյակների հատակը, պատուհանները փտած են, որքան էլ ձմռանը փայտ են վառում, դասասենյակները չեն տաքացվում, հարկ է ջերմամեկուսիչ պատուհաններ տեղադրել: Վ. Կարմիրաղբյուրի նախկին համայնքապետ, այժմ գյուղի վարչական ղեկավար Կ. Չոբանյանը հավաստեց, որ դպրոցի շենքը շատ վատ վիճակում է: Դպրոցի տնօրենի պաշտոնի հետ կապված խնդրի մասին նա չցանկացավ խոսել: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 11:00 05/02/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia