Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

ԷկոԼուր.Այգեձորի բնակիչները մերժում են նոր փոքր ՀԷԿ-ի կառուցումը


Հունիսի 25-ին Տավուշի մարզի Այգեձոր գյուղում փոքր ՀԷԿ-ի կառուցման նախագծի  նախնական հանրային քննարկում է անցկացվել։ Այգեձոր գյուղի բնակիչները դեմ են արտահայտվել փոքր ՀԷԿ-ի կառուցմանը: Նրանք իրենց դիրքորոշումը հիմնավորել են ոռոգման ջրի առկա դեֆիցիտով, ինչպես նաև Այգեձորում գործող փոքր ՀԷԿ-երի կողմից գյուղի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը չմասնակցելու, ՓՀԷԿ-ի աշխատակիցների սոցիալական անբարվոք վիճակի հանգամանքով։ Այս մասին հայտնեց ԷկոԼուրի աղբյուրը Այգեձորից: Ըստ նրա` բնակիչները նաև մտավախություն ունեն, որ գյուղում իրենց հիմնած նոր տնկարկները փոքր ՀԷԿ-ի կառուցմամբ կմնան առանց ոռոգման ջրի:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնական կայքի համաձայն`Խնձորուտ գետի Այգեձորի ջրամբարից սնվող ոռոգման ինքնահոս ջրագծի վրա «Էրի ձոր» փոքր ՀԷԿ-ի կառուցման լիցենզիա ունի «Ատլաս-Պլյուս» ՍՊԸ-ն:  ՓՀԷԿ-ը պետք է ունենա 990 կՎտ հզորություն, տարեկան արտադրի 3.5 միլիոն կՎտ/ժ էլեկտրաէներգիա: ՓՀԷԿ-ի շահագործման սկիզբը նշված է 2021թ-ը, շահագործման ավարտը` 2036թ-ը:

Այգեձորում ներկայումս շահագործվում է 2 փոքր ՀԷԿ «Ատլաս էներգո» ՍՊԸ-ի կողմից: Մեկը 440 կՎտ դրվածքային հզորությամբ «Այգեձոր» ՓՀԷԿ-ն է, որը ջրառն իրականացնում է «Այգեձոր» մայր ջրանցքից, որն էլ ջրառն իրականացնում է Աղնջա գետից` Խնձորուտ գետի միախառնման կետից: 

Մյուսը 2000 կՎտ դրվածքային հզորությամբ «Այգեձոր-2» փոքր ՀԷԿ-ն է, որը ջրառն իրականացնում է Խնձորուտի ջրամբարի պատվարից` Արծվաբերդ, Այգեձոր, Չորաթան, Չինարի, Մովսես համայնքների 15 կմ  երկարության ինքնահոս ոռոգման համակարգի 13.5 կմ հատվածում`Այգեձոր համայնքի վարչական սահմանում:

 

Հրապարակվել է։ 17:36 26/06/2020