ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ


Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ընկերուհու վագոն-տնակից գողացել է ոսկյա զարդեր, օծանելիք, պահածոներ, տնակի կողքից՝ 10 հավ

Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 1995թ. ծնված, ամուսնալուծված Գայանե Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. նոյեմբերի 26-ին հյուրընկալված լինելով իր ընկերուհի Արմենուհի Ալեքսանյանի՝ Իջեւան քաղաքի Արցախյան փողոցում գտնվող վագոն-տնակում, նոյեմբերի 27-ին, ժամը 11.00-ից մինչեւ 15.30-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով վերջինիս տնից բացակայելու հանգամանքից, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, վագոն-տնակից հափշտակել է 100 հազար դրամ կանխիկ գումար, «Ֆիլիպս» ապրանքանիշի հեռուստացույց, կանացի ոսկյա մատանի, ոսկյա ականջօղ, 30 հատ տարբեր տարողության տարաներով պահածո, տղամարդու օծանելիք, տարբեր տեսակի սննդամթերք, կանացի բիժուտերիա, 6 հատ սրբիչ, իսկ վագոն-տնակի հարակից հատվածից՝ 10 հավ, Ա. Ալեքսանյանին պատճառելով 445 հազար 500 դրամի վնաս: Գ. Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով («Գողությունը»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում Գ. Ղազարյանը միջնորդել է անցկացնել արագացված դատաքննություն, հայտարարելով, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետեւանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ: Դատարանը միջնորդությունը բավարարել է: Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալը երիտասարդ է, նախկինում դատապարտված կամ այլ կերպ արատավորված չի եղել, իրեն լիովին մեղավոր է ճանաչում, զղջում է կատարածի համար, բնութագրվում է դրականորեն, պատճառված վնասը մասնակիորեն վերականգնել է: Որպես Գ. Ղազարյանի պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանք`դատարանը հաշվի է առել, որ նա խնամքի տակ ունի մինչեւ 14 տարեկան 2 երեխա: Հունիսի 15-ին Իջեւան քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Գայանե Ղազարյանին մեղավոր ճանաչել 177 հոդվածի 1-ին մասով եւ նրան դատապարտել 100 հազար դրամի չափով տուգանքի: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 18:00 26/06/2018