Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

«Երդվում եմ...». կայացավ սահմանապահ զորամասի նորակոչիկների երդման արարողությունը


Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայքը՝ http://www.berdcity.am/, հայտնում է, որ փետրվարի 7-ին կայացավ ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունը:

Զինվորական երդման արարողությանը ներկա էին Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը, համայնքի ղեկավարի խորհրդական Արկադի Յամուկյանը, զորամասի հրամանատարական կազմը, սպաներ, զինծառայողների ծնողներ:

Զորամասի հրամանատար, գնդապետ Սարգիս Տիտանյանը, դիմելով ներկաներին, ասաց.  «Այսօր մեզ համար սովորական օր չէ: Այսօր տոն է, քանի որ մեր զորամասը համալրվել է հայրենիքի նվիրյալ երիտասարդներով, որոնք եկել են՝ պատվով կատարելու իրենց պարտքը ընտանիքի, ընկերների, հայրենիքի առջև: Հարգելի՛ ծնողներ, դուք ինքներդ տեսնում եք, թե  ձեր որդիները կարճ ժամանակահատվածում որքան են փոխվել. դարձել են ավելի ինքնավստահ, ավելի առնական, ավելի ուժեղ: Որպես զորամասի հրամանատար՝ իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել ձեզ, որովհետև ձեր զավակները, այս կարճ ժամանակահատվածում գտնվելով ծառայության մեջ, հասկացել են իրենց առջև դրված խնդիրը, ծառայել են պատվով»: 

Զինվորական երդման կապակցությամբ շնորհավորելով ներկաներին` զորամասի հրամանատարը շեշտեց. «Իմ և զորամասի անձանակազմի անունից խոստանում եմ անել առավելագույնը՝ պետական սահմանի և մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար»:

Ելույթ ունեցան զորամասի հրամանատարի` բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, փոխգնդապետ Դավիթ Հարությունյանը, Բերդի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը, զորամասի սերժանտական խորհրդի նախագահ, սերժանտ Վռամ Թորիկյանը, շարքային Ալբերտ Բարսեղյանը, նորակոչիկի մայր Ժոզեֆինա Մուսախանյանը:

 

Հրապարակվել է։ 06:48 08/02/2020