Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Գայլերին ու աղվեսներին ովքե՞ր, ինչպե՞ս են կանխարգելիչ պատվաստումների ենթարկելու


Տավուշի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արման Գեւորգյանը շրջաբերական է ուղարկել   մարզի համայնքների ղեկավարներին, ուր նշված է՝ իրականացված համաճարակաբանական վերլուծությունների արդյունքների  համաձայն, վերջին ժամանակահատվածում բնակչության շրջանում դիտվում է վայրի եւ տնային (մասնավորապես՝ թափառող) կենդանիների կողմից կծվածության դեպքերի աճ, ինչը չի բացառում բնակչության շրջանում կատաղության հիվանդության արձանագրումը: Կենդանիների շրջանում արձանագրվել  են կատաղության լաբորատոր հաստատված դեպքեր, նման դեպքեր 2018թ,-ին եղել են Կոտայքի, 2019թ՝ Արմավիրի եւ  Տավուշի մարզերում։ Շրջաբերականում ասված է, որ չնայած ՀՀ առողջապահության նախարարության կողմից ձեռնարկված միջոցառումներին, այսօր առկա են մի շարք խնդիրներ, որոնք դուրս են առողջապահության նախարարության լիազորությունների շրջանակներից, սակայն պահանջում են հրատապ լուծում, մասնավորապես ՝  բացակայում են  կենդանիների հաշվառման եւ գրանցման համակարգը,  լիարժեք համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների եւ  անասնաբուժական, բնապահպանական ծառայությունների միջև, քանզի կենդանիների շրջանում, հատկապես՝ վարակիչ հիվանդությունների ուղղությամբ մասնագիտացված եւ  առավել խորը լաբորատոր հետազոտություններ իրականացնելու համար հնարավոր չի լինում կազմակերպելու որսված  կամ անկած կենդանիների տեղափոխումը համապատասխան անասնաբուժական լաբորատորիաներ: Դա  խոչընդոտում է հասկանալու կենդանիների շրջանում առանձին վարակիչ հիվանդություններով վարակվածությունը, որի արդյունքում հանրային առողջապահության ոլորտում իրականացվող միջոցառումները կարող են, ժամանակի առումով, իրականացվել ուշացումներով: Խնդրահարույց է ընտանի կաթնասուն կենդանիների զբոսանքի կազմակերպումը, քանի որ հատկացված չեն վայրեր (համապատասխան ցուցանակներով)՝ ապահովված կենդանիների արտաթորանքների համար տարողություններով: Ավելին՝ անգամ անհատների կողմից իրենց իսկ կողմից տիրապետվող կենդանիների զբոսանքը կազմակերպվում է առանց կենդանու համապատասխան դնչկալների: Խնդիրն առավել մտահոգիչ է մարզերում, քանի որ վայրի կենդանիները համարվում են կատաղության հիվանդության բնական պահոց, դրանք  չհիվանդանալով՝  կարող են հիվանդությունը փոխանցել ընտանի եւ  գյուղատնտեսական կենդանիներին: Այնուհետեւ շրջաբերականում գրված է«Հետևաբար, անհրաժեշտություն է առաջանում նաեւ վայրի կենդանիների շրջանում միջոցառումներ կազմակերպելը, մասնավորապես՝ կանխարգելիչ պատվաստումների մասով: Կարեւորելով վերը նշվածը, առաջարկվում է կանոնակարգել ներկայացված հարցերը (քննարկել ավագանու հետ, մշակել եւ  հաստատել ընտանի կենդանիների պահելու եւ  հաշվառելու կանոնները) : Հարցերը կարգավորելու ընթացքում կարող եք դիմել ՀՀ առողջապահության նախարարությանը, որն իր  պատրաստակամությունն է հայտնել համագործակցելու ձեռնարկվող աշխատանքներին»: Թե Տավուշի մարզի վայրի ո՞ր  կենդանիներին, որտե՞ղ, ինչպե՞ս  եւ ովքեր պետք է կանխարգելիչ պատվաստումների ենթարկեն, գրության մեջ չի նշվում։ Դժվար է պատկերացնել, որ Տավուշի անտառներից գայլեր եւ աղվեսներ են բռնում եւ  սրսկում։

 

Հրապարակվել է։ 05:26 28/06/2019