Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Գնդակոծվող միջպետական ճանապարհի անվտանգությունն ապահովելու միջոցառումներ արվելո՞ւ են

Երեկ`ապրիլի 12-ին ադրբեջանական զինուժը Տավուշի մարզի Բաղանիս գյուղի տարածքում գնդակոծել է «Սպայկա» ընկերության բեռնատարը: Այն վնասվել է, բարեբախտաբար, վարորդը չի տուժել: Դեպքը կատարվել է միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հիմնական, սահմանագոտով ձգվող ճանապարհին: 2015թ. նոյեմբերի 5-ին նույն տեղում ադրբեջանական գնդակոծությունից վնասվեց ռուսական մեծ բեռնատար: Տավուշի մարզի բնակչությանն ադրբեջանական գնդակոծություններից պաշտպանելու նպատակով որոշակի աշխատանքներ են կատարվել: 2017թ. նոյեմբերի 8-ին Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղի միջնակարգ դպրոցի շենքի առաջ արագ աճող բարդիներ են տնկել, որպեսզի հետո ծառերն աճելով՝ դպրոցի շենքը պաշտպանեն ադրբեջանական գնդակոծություններից: Արագ աճող բարդիները տնկվել են 3 շերտով: 2018թ. մարտի վերջին, 5 օր Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր գյուղի բնակիչները գյուղ մտնող ավտոճանապարհի եզրերին հազարից ավելի արագ աճող բարդիներ տնկեցին: Մի քանի տարի հետո այդ բարդիները Բերքաբեր գյուղը միջպետական ավտոճանապարհին կապող ճանապարհը անտեսանելի կդարձեն Ջողազի ջրամբարի ձախ ափին գտնվող ադրբեջանական հենակետերից: Բերքաբեր գյուղի դեմ-դիմաց, Ջողազի ափին, ադրբեջանցիները Ղազախի շրջանի սահմանամերձ Մազամ գյուղի մուտքին, Մազամ եւ Ղուշչի –Այրում գյուղեր տանող ավտոճանապարհին 2015 թվականին քարե երկար պատ են կառուցել: Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մաս կազմող Ոսկեպար-Բաղանիս հիմնական ճանապարհի մի հատված գտնվում է սահմանի անմիջական հարեւանությամբ, ադրբեջանական դիրքերի դեմ-դիմաց: Այդ տեղանքում ադրբեջանական հենակետերը շատ մոտ են մեր պաշտպանական դիրքերին եւ միջպետական ավտոճանապարհին: Ճանապարհի տվյալ հատվածը պարբերաբար գնդակոծվում է ադրբեջանական զինուժի կողմից: Միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը ադրբեջանական հենակետերի կրակից, ազերի զինյալների տեսանելիությունից պաշտպանելու համար հարկավոր է արագ աճող բարդիներ տնկել, ճանապարհի եզրին քարաբեկորներից պատ շարել կամ հողի, խճի կույտերից թմբեր կառուցել: 1990-ական թվականներին նշված հատվածում հողի թմբեր էին սարքված: Բարդիների տնկումը, պաշտպանիչ պատի կամ թմբերի կառուցումը հարկ է անել մառախլապատ օրերին, երբ ճանապարհին աշխատողները տեսանելի չեն լինի դեմ-դիմաց գտնվող ադրբեջանական հենակետերից: 2017թ. նոյեմբերի 16-ին գրավոր հարցում ենք ուղարկել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին, նրան առաջադրելով հետեւյալ հարցը` նախատեսվո՞ւմ է միջպետական ավտոճանապարհի սահմանամերձ, Ոսկեպար-Բաղանիս հատվածում արագ աճող բարդիներ տնկել, քարե պատ կառուցել կամ հողաթմբեր սարքել, որպեսզի մեքենաների երթեւեկը ադրբեջանական հենակետերի գնդակոծություններից պաշտպանված լինի: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արման Գեւորգյանի պատասխանում ասված է. «Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վտանգավոր տեղամասերը ուսումնասիրվել են ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության եւ համապատասխան նախագծային կազմակերպությունների կողմից: 2017թ. պետական բյուջեի միջոցներով կամ այլ ծրագրերով Մ16-Բաղանիս-Մ-16 միջպետական նշանակության Ոսկեպար-Բաղանիս հատվածում անվտանգության ապահովման միջոցառումների (հենապատի, գաբիոնի, վտանգավոր հատվածների քողարկման տարրերի տեղադրում, այլընտրանքային ճանապարհահատվածների կառուցում) իրականացում մարզպետարանի ունեցած տեղեկատվությամբ նախատեսված չէ»: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 22:00 13/04/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia