+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Գողացված 5 ոչխարից մեկը, Մովսեսից Շիրակ տեղափոխելիս, «Ժիգուլիում» սատկել է

Այսօր`փետրվարի 22-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում մեկնարկեց Մովսես գյուղում 1991թ. ծնված,Մովսեսում գրանցված, Շիրակի մարզի Սարատակ գյուղում ամուսնացած, այնտեղ բնակվող կնոջ դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով («Գողությունը, որը կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով»): Կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նա դատարանին միջնորդել է իրեն հանրային պաշտպան տրամադրել, միջնորդությունը բավարարվել է: Երիտասարդ կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. դեկտեմբերի 27-ին, ժամը 19-ի սահմաններում ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, դարպասի դռնակը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել Տավուշի մարզի Մովսես գյուղի բնակիչ, իրենց հարեւան Վաչագան Գրիգորյանին պատկանող ցանկապատված տարածք, այնուհետեւ նույն եղանակով բացել պահեստարան հանդիսացող անասնագոմի դուռը եւ այնտեղից գաղտնի հափշտակել վերջինիս պատկանող 5 ոչխարը, պատճառելով 200 հազար դրամի վնաս: Կինն փորձել է ամուսնու «Ժիգուլի» ավտոմեքենայով ոչխարները տեղափոխել իր բնակության վայր, Շիրակի մարզի Սարատակ գյուղ, սակայն ավտոճանապարհին ոստիկանները նկատելով ավտոմեքենայում գտնվող ոչխարները, բացահայտել են գողությունը: Ի դեպ, ավտոմեքենայի սրահում եւ բեռնախցիկում տեղավորված 5 ոչխարներից մեկը ճանապարհին սատկել է: Կինը ոչխարի տիրոջը փոխհատուցել է անկված անասունի գինը: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 20:00 22/02/2018