Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Գրիգոր Մաթեւոսյան. «Ինձ ցմահ դատեք, քան խալխի սրոկով նստեմ»

2017թ. փետրվարի 8-ից Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում ընթանում էր Բերդ քաղաքի 27-ամյա բնակիչ Գրիգոր Մաթեւոսյանի դատավարությունը: Նա մեղադրվում է այն բանի համար, որ նա 2016թ. մարտի 18-ի ուշ երեկոյան Տավուշի մարզի Տավուշ գյուղի վարչական տարածքում գտնվող Տավուշի ջրամբարի թերակղզու հարակից տարածքում տեղի ունեցած վիճաբանության եւ ծեծկռտուքի ընթացքում համաքաղաքացի, 39-ամյա Վրեժ Բաբկենի Մաթեւոսյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ՝ ձեռքին եղած դանակով հարվածել է նրա հետանցքի շրջանին՝ պատճառելով հետանցքի շրջանի ծակած-կտած վերք՝ ձախից, արտաքին արյունահոսություն, 3-4 աստիճանի կոմբինացված շոկ, ագոնալ վիճակ: Ըստ մեղադրանքի՝ դրանից հետո Գ. Մաթեւոսյանը Բերդ քաղաքի բնակիչ 28-ամյա Գագիկ Արթուրի Ճաղարյանին կյանքից զրկելու դիտավորությամբ ձեռքի դանակով հարվածել է նրա կրծքավանդակի առաջնային եւ հետին երեսին, սպանել նրան: Գ. Մաթեւոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով («Սպանությունը») եւ 112 հոդվածի 1-ին մասով («Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը»): Գ. Մաթեւոսյանը ավելի քան 2 տարի, 5 ամիս գտնվում է կալանքի տակ: 2018թ. հուլիսի 11-ի նիստում դատախազ Ներսես Չիլինգարյանը դատարանին միջնորդել է Գ.Մաթեւոսյանին դատապարտել 23 տարի ժամկետով ազատազրկման: Դատավարության օգոստոսի 2-ին նիստում պաշտպանական ճառով հանդես եկան Գ. Մաթեւոսյանի պաշտպաններ Լեւոն Բաղդասարյանը եւ Թադեւոս Ալեքսանյանը: Լ. Բաղդասարյանը հայտնեց, որ իրենք դատախազի նկատմամբ բացարկի միջնորդություն են ներկայացրել, սակայն դատարանը մերժել է: Նա հայտնեց, որ տուժող Վրեժ Մաթեւոսյանը դատարանում ամբողջությամբ հրաժարվել է նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքներից, դատարանում հայտնելով, որ իրականում Գ. Մաթեւոսյանը իրեն եւ Գագիկ Ճաղարյանին դանակով չի հարվածել, նախաքննության ընթացքում իրենից ցուցմունքներ վերցրել են սկզբից խաբեությամբ, հետո՝ շանտաժի եւ սպառնալիքի միջոցով, ինքը վախ զգալով իր եւ իր ընտանիքի անվտանգության համար, նախաքննության ընթացքում ճշմարտությունը չի հայտնել, ստիպված զրպարտել է Գրիգոր Մաթեւոսյանին, որի համար այժմ պատրաստ է պատասխանատվություն կրել: Պաշտպանը նշեց, որ նախաքննական մարմինը պարտավոր էր դեպքի հանգամանքների լրիվ, բազմակողմանի, օբյեկտիվ քննություն կատարել, ինչը չի արել, Գ. Մաթեւոսյանին առաջադրված մեղադրանքը հիմնված է բառախաղի վրա, չկա գոնե մեկ կոնկրետ ապացույց առաջադրված մեղադրանքը հիմնավորելու համար, մեղադրանքը կառուցված է ենթադրությունների, իրար հակասող ցուցմունքների վրա, այդ մեղադրանքը դատարանում չհաստատվեց: Պաշտպան Լեւոն Բաղդասարյանը հայտարարեց, որ նախորդ դատական նիստում դատախազը իր մեղադրական ճառը կառուցեց մեղադրական եզրակացությունը բառացի արտատպելով եւ դատարանում ներկայացնելով, իր պրակտիկայում ինքն առաջին անգամ է նման բան տեսնում, ստացվում է, որ դատարանում նիստեր չեն եղել,նման դեպքում իր ներքին, սուբյեկտիվ համոզմունքն է, որ մեղադրողը ավելի քան վստահ է, որ սարքած գործ է, որը հասցնելու է իր ավարտին: Պաշտպանները դատարանին միջնորդեցին առաջադրված մեղադրանքում Գ. Մաթեւոսյանին արդարացնել: Իր վերջին խոսքում Գրիգոր Մաթեւոսյանը ընդունեց ,որ ինքը նախկինում սխալներ է արել, երեխա ժամանակ գողություն է արել, հետո իրավապահների կողմից հալածանքների է ենթարկվել: Անդրադառնալով իր դեմ վկայություններ տված վկաների ցուցմունքներին, նա մանրամասն նշեց այդ ցուցմունքների բազում հակասությունները, հայտարարելով. «Դատախազը առանց գործը հիմնավորելու.. Եթե 20-ից ավելի մարդ լինի, գործով անցնում է 7 վկա, ոչ ոք չի կանգնում- ասում, որ այս մարդն է խփել, ինչի՞ հիման վրա է ինձնից 23 տարի սրոկ ուզում… Իմ մեղքը դուք ապացուցեք, հարգելի դատավոր, ինձ ցմահ դատեք,ես դրանից ավելի ուրախ կլինեմ , քան թե խալխի սրոկով նստեմ: Ոչ դանակ ունեն գործի մեջ , փորձաքննությունը ցույց է տվել մաքուր: Էդքանի մեջ մեկը չկա , որ կանգնի ասի`ինքն է խփել, ասում են `դանակ են տեսել, նախ՝ իմ ձեռքին դանակ չի եղել, զենք է եղել, եթե դանակը չի կարելի, խանութներում ազատ վաճառք մի թողեք : Ցանկացած քաղաքացու ձեռը կարող է դանակ լինի, դա նշանակո՞ւմ է`Գոքորը խփե՞ց… Ես դանակով մեկ հատ սրտին խփեմ,դանակը փոխեմ, մեկ ուրիշ դանակով խփեմ, ո՞ւր են այդ դանակները,թող բերեն այդ ապացույցները դեմս դնեն, կամ երկու տեղից կարո՞ղ ես մարդուն դանակով խփել, որ այդքանի մեջից ոչ մեկը չտեսնի, եթե տեսնում են, ասում են`ձեռին դանակ եղել, թող այդ էլ կանգնեն ասեն`այդ մարդն է խփել, թող ասեն, որովհետեւ իրենք էլ գիտեն, որ իմ դեմ մեղք կգործեն, ես չեմ: Այս գործը սարքած գործ է»: Դատավոր Զոյա Զաքինյանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշ ժամանակ անց վերադառնալով, նա հրապարակեց դատավճիռը`Գ. Մաթեւոսյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածներում եւ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով նրան դատապարտել 13 տարի ժամկետով ազատազրկման, 112 հոդվածի 1-ին մասով`6 տարի ժամկետով ազատազրկման,ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ, նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու սկզբունքով, նրան դատապարտել 17 տարի ժամկետով ազատազրկման, նշանակված պատժին մասնակիորեն գումարել 2015թ. հունիսի 15-ի Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճռով նրա պատժի չկրած մասը եւ Գ. Մաթեոսյանին վերջնականապես դատապարտել 18 տարի ժամկետով ազատազրկման: Սույն դատավճիռը կարող է մեկամսյա ժամկետում բողոքարկվել ՀՀ վերաքննիչ դատարան: Գ. Մաթեւոսյանի պաշտպանները որոշել են բողոքարկել դատավճիռը: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 07:29 03/08/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia