Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հանգստյան համալիրի տերը Ենոքավանի ավագանու ընտրություններում 20 ձայն է ստացել

Նոյեմբերի 5-ին Իջեւանի տարածաշրջանի Ենոքավան համայնքում տեղի ունեցան ավագանու ընտրություններ: 2016թ. հունվարի 1-ի դրությամբ 543 բնակիչ ունեցող Ենոքավան համայնքի ավագանու 5 տեղին հավակնում էին 11 թեկնածու: Ավագանու թեկնածուների թվում էր նաեւ «Ապագա տուր» ՍՊԸ տնօրեն, անկուսակցական Արտակ Չիբուխչյանը: Նա Ենոքավանի ավագանու թեկնածու էր առաջադրվել ինքնաառաջադրմամբ: «Ապագա տուր» ընկերությունը Ենոքավան գյուղից վերեւ գտնվող տարածքում հանգստյան մեծ համալիր է ստեղծել ՝« Ապագա Գոմեր Ենոքավան»-ը, որի տարածքում կա երկհարկանի 8 քոթեջ եւ 5 տնակ: Այդտեղ գործում է ձիարշավարան եւ լեռնային հեծանիվների վարձույթ: Ամեն տարի արտասահմանից եւ Հայաստանից հազարավոր զբոսաշրջիկներ են գալիս այդտեղ հանգստանալու: Ենոքավանի տարածքում կառուցվում է աշխարհում ամենաերկար`2680 մ երկարությամբ Զիփլայնի ատրակցիոնը, այդ՝ «Yell Extreme Park» նախագծի հեղինակը Արտակ Չիբուխչյանի որդին է ՝ Տիգրանը: Այդ նախագծում նախատեսվում է 200 հազար դոլար ներդրում կատարել: Այս տարվա մայիսին վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ինքն իր ընտանիքի անունից ձեռք է բերել աշխարհի ամենաերկար Զիփլայնի տոմսեր`այդպիսով ներդրում ունենալով այդ ծրագրի իրականացման գործում: Նոյեմբերի 5-ին կայացած ընտրությունների արդյունքում Արտակ Չիբուխչյանը ստացել է ընդամենը 20 ձայն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ ավագանու 11 թեկնածուներից Արտակ Չիբուխչյանից ավելի քիչ ձայն ստացել է միայն մեկ հոգի` Ենոքավանի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի, « Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ, ինքնաառաջադրմամբ ավագանու թեկնածու դարձած Անժելա Սարդարյանը, որը 6 ձայն է ստացել: Ավագանու 11 թեկնածուներից ամենաշատ`51 ձայն ստացել է ոչ մի տեղ չաշխատող, անկուսակցական, ինքնաառաջադրմամբ ավագանու թեկնածու դարձած Հրանտ Մկրտումյանը, որը ստացել է 51 ձայն: Ենոքավան համայնքի ղեկավար Անդրանիկ Չիբուխչյանին հարցրինք, թե ինչպե՞ս է ստացվել, որ Ենոքավանի զարգացման գործում մեծ ներդրում ունեցած, բազմաթիվ աշխատատեղեր ստեղծած Արտակ Չիբուխչյանը 20 ձայն է ստացել եւ ավագանու անդամ չի դարձել: Համայնքի ղեկավարն ասաց, որ ինքն ի՞նչ կարող է անել, իր կողմնակից 3 թեկնածուներ նույնպես ավագանու անդամ չեն ընտրվել:

Հրապարակվել է։ 14:00 15/11/2017