+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հարեւանից 5 ոչխար գողացած կինը պայմանական ազատազրկվեց

Տավուշի մարզի Մովսես գյուղում 1991թ. ծնված,Մովսեսում գրանցված, Շիրակի մարզի Սարատակ գյուղում ամուսնացած, այնտեղ բնակվող Աննա Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. դեկտեմբերի 27-ին, ժամը 19-ի սահմաններում ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, դարպասի դռնակը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել Մովսես գյուղի բնակիչ, իրենց հարեւան Վաչագան Գրիգորյանին պատկանող ցանկապատված տարածք, այնուհետեւ նույն եղանակով բացել պահեստարան հանդիսացող անասնագոմի դուռը եւ այնտեղից գաղտնի հափշտակել վերջինիս պատկանող 5 ոչխարը, պատճառելով 200 հազար դրամի վնաս: Կինն փորձել է ամուսնու «Ժիգուլի» ավտոմեքենայով ոչխարները տեղափոխել իր բնակության վայր, Շիրակի մարզի Սարատակ գյուղ, սակայն ավտոճանապարհին ոստիկանները նկատելով ավտոմեքենայում գտնվող ոչխարները, բացահայտել են գողությունը: Ավտոմեքենայի սրահում եւ բեռնախցիկում տեղավորված 5 ոչխարներից մեկը ճանապարհին սատկել է: Կինը ոչխարի տիրոջը փոխհատուցել է անկված անասունի գինը: Ա. Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով («Գողությունը, որը կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Ա. Համբարձումյանը դատարանին միջնորդել է իրեն հանրային պաշտպան տրամադրել, միջնորդությունը բավարարվել է: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում կայացած դատաքննության ընթացքում Ա. Համբարձումյանը  միջնորդել է անցկացնել արագացված դատաքննություն, հայտարարելով, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետեւանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ: Դատարանը միջնորդությունը բավարարել է: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը Ա. Համբարձումյանին պատիժ նշանակելիս հաշվի է առել, որ նա զղջացել է իր կատարած արարքի համար, հատուցել է Վ. Գրիգորյանին պատճառված վնասը,ունի 2015թ. ծնված երեխա: Փետրվարի 27-ին դատավորը նրան դատապարտել է 2 տարվա ազատազրկման, կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը`վճռել է պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանելով 2 տարի ժամկետով փորձաշրջան: Հավելենք, որ Ա. Համբարձումյանի ամուսինը նշված քրեական գործով վկա էր հանդիսանում: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 11:00 28/02/2018