Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

ՀՕՖ-ի տնօրենների խորհրդի անդամներն ու բարերարներն այցելել են Տավուշի միջնակարգ դպրոց


Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայքը՝ http://www.berdcity.am, հայտնում է, որ  Հայ օգնության ֆոնդի գործունեության 30-ամյակի միջոցառումների շրջանակում օրերս ՀՕՖ-ի տնօրենների խորհրդի անդամներն ու բարերարներն այցելել են  Տավուշի մարզ՝ «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում»  ծրագրի շրջանակում արձանագրված փոփոխություններին ծանոթանալու նպատակով:

Նրանք հյուրընկալվել են Տավուշի միջնակարգ դպրոցում: Այդ կապակցությամբ դպրոց են այցելել Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը, Բերդի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը, այլք: Ներկաները ծանոթացել են ՀՕՖ-ի՝ համայնքի տարբեր բնակավայրերում գործող նկարչության, ձեռագործի խմբակների երեխաների աշխատանքներին, համայնքում իրականացվող տնտեսական ծրագրերի արդյունքներին:

«Գործունեության 30 տարիների ընթացքում ՀՕՖ-ը բազմաթիվ կրթական, գիտական, առողջապահական  և տնտեսական  ծրագրեր է իրականացրել՝ կատարելով 360 մլն դոլարի ներդրում ՀՀ-ի  տարբեր մարզերում»,-տեղեկացրել է Հայ օգնության ֆոնդի փոխտնօրեն, կրթական և գիտական ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյանը: Ամերիկահայ հյուրերը շրջայց են կատարել  Տավուշի միջնակարգ  դպրոցում՝ այցելելով  «Մարդիգյան ընտանիք» հիմնադրամի նվիրատվությամբ՝ Հայ Օգնության Ֆոնդի կողմից ստեղծված քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիա, վերանորոգված ճաշարան,  ինչպես նաև տեխնոլոգիայի դասարան:

«Սա մեր երրորդ այցելությունն է Բերդ համայնք: Պետք է նշեմ, որ ես դրական փոփոխություններ եմ նկատում: Նաև մարդիկ են փոխվել, դարձել ավելի երջանիկ, և ՀՕՖ-ի ներկայությունն այս տարածաշրջանում իսկապես նպաստում է դրան: Դա այն է, ինչ ուզում ենք բոլորս»,-նշել է Էդվարդ Մարդիգյանը:

Հայ Օգնության Ֆոնդը Բերդ համայնքում գործում է արդեն 7 տարի: Գործունեության ընթացքում իրականացված կրթական, գիտական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրերը բազմաթիվ են:



Հրապարակվել է։ 09:59 01/10/2019