Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հունաստանի դեսպանը Նոյեմբերյանում մասնակցեց «Օխի»-ի օրվա միջոցառմանը (ֆոտոշարք)

Հոկտեմբերի 28-ին Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլան այցելեց Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաք: Դեսպանին դիմավորեցին ավանդական աղուհացով, ծաղիկներով: Նոյեմբերյանի երաժշտական դպրոցի դահլիճում Նոյեմբերյան քաղաքից, Նոյեմբերյանի տարածաշրջանի գյուղերից, Ալավերդիից եւ Վանաձորից հունական ծագում ունեցող անձինք էին: Նոյեմբերյանցի երեխաները երգեցին Հունաստանի եւ Հայաստանի պետական օրհներգերը: Ներկայացվեցին հունական երգեր եւ պար: Ջուջեւանցի բանաստեղծ, նկարիչ Զավեն Պետրոսյանը ասմունքեց Հունաստանին նվիրված իր բանաստեղծությունը, հայտարարվեց, որ նոյեմբերյանցի գրող, ռեժիսոր Սամվել Բեգլարյանը վերջերս իր բեմադրած «Եզոպոս»  ներկայացումը նվիրել է Հունաստանում հրդեհների զոհերի հիշատակին: Հոկտեմբերի 28-ին Հունաստանը նշում է ազգային տոնը՝ «Օխի»-ի օրը («Օխի» – հունարեն՝ «ո՛չ»): Հունաստանի վարչապետ Մետաքսասը 1940 թվականի հոկտեմբերի 28-ին «ո՛չ» է պատասխանել Հունաստանում ֆաշիստական Իտալիայի դեսպանի  վերջնագրին, ով պահանջում էր թույլ տալ, որ իտալական զորքերը մտնեն Հունաստանի տարածք; Դեսպան Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլան ելույթ ունենալով` նշեց,որ այս օրը Հունաստանում նշվում է որպես պետական տոն, այն իր նշանակությամբ, Հունաստանի անկախության տոնից հետո, երկրորդն է: Նա ասաց, որ Հունաստանի ժողովուրդը երկրորդ աշխարհամարտի տարիներին շատ տառապանքներ է կրել, երկրորդ համաշխարհային պատերազմում  միմյանց դեմ պատերազմած Եվրոպայի պետությունները միավորվել են Եվրամիության մեջ, որպեսզի բացառեն նոր պատերազմները: Այնուհետեւ Հունաստանի դեսպանը Նոյեմբերյանի հունական «Օլիմպոս» կազմակերպության ղեկավար Թամարա Թամազյանի ուղեկցությամբ այցելեց այդ կազմակերպության գրասենյակ: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 18:00 28/10/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia