Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իջեւանի «ԽԱՉՄԻՇՇԻՆ» ՍՊԸ-ն՝ հարկադիր պարապուրդի մեջ

Իջեւանի  «ԽԱՉՄԻՇՇԻՆ»  ՍՊԸ-ն   շինարարական աշխատանքներ կատարելու համար  բազմաթիվ շնորհակալագրերի է արժանացել, սակայն  այժմ հայտնվել է հարկադիր պարապուրդի մեջ։  Այն  մասնակցել է Իջեւանի զբոսայգու վերակառուցման աշխատանքների մրցույթին, որը հայտարարվել  է  էլեկտրոնային եղանակով։ Ընկերությունը  մրցույթում հաղթող  ճանաչվելով՝  2019թ․  մայիսի 2-ին  Իջեւանի համայնքապետարանի հետ  պայմանագիր է կնքել։  Ապրիլի 30-ին «ԽԱՉՄԻՇՇԻՆ»   տնօրեն Միշա Համզյանը  Իջեւանի համայնքի ավագանու նախկին անդամ Վալերի Մելիքբեկյանից նամակ է ստացել, վերջինս  հայտնել է, որ ինքը  այն հողամասի սեփականատերն է , ուր նախատեսվում է իրականացնել  զբոսայգու վերակառուցման աշխատանքները։ Համզյանը  պատասխանել է, որ  Մելիքբեկյանն  այդ խնդիրը պետք է ճշտի աշխատանքների պատվիրատու Իջեւանի համայնքապետարանի հետ։ Մայիսի 6-ին Մ․ Համզյանին են մոտեցել ոստիկանության Իջեւանի բաժնի աշխատակիցները եւ պահանջել դադարեցնել զբոսայգու վերակառուցման աշխատանքները։ Նրանք  Համզյանին ուղեկցել են ոստիկանության Իջեւանի բաժին, ուր նրանից  բացատրություն են վերցրել, պարտավորեցրել դադարեցնել  աշխատանքները։ Մ․ Համզյանը նամակով դիմել է Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանին, ով Համզյանից  պահանջել է պայմանագրի համաձայն վերսկսել աշխատանքները։ Ընկերության աշխատողները վերսկսել  են զբոսայգու կառուցապատումը, սակայն ոստիկանության աշխատակիցները  կրկին մոտեցել են,  Համզյանին  ուղեկցել ոստիկանության Իջեւանի բաժին,ուր  Համզյանից  կրկին բացատրություն են  վերցրել,  պարտավորեցրել  դադարեցնել շինաշխատանքները։ Մ․  Համզյանը մայիսի 16-ին գրավոր դիմել է ոստիկանության Իջեւանի բաժնի պետ Գեորգի Միրզոյանին, ուր   նշել է, որ ոստիկանության միջամտության պատճառով  իրենց ընկերությունը չի կարողանում կատարել  պայմանագրային պարտավորությունները եւ խնդրել  է բաժնի պետի միջամտությունը, որպեսզի խնդրին վերջնական լուծում  տրվի։ Գ․ Միրզոյանը մայիսի 17-ին Մ․ Համզյանին հայտնել է, որ Վ․  Մելիքբեկյանի  հաղորդման հիման վրա Իջեւանի բաժնում  նախապատրաստված նյութերով   ՀՀ  քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով  քրեական գործ է  հարուցվել, որն ուղարկվել է Տավուշի մարզի դատախազություն։ Մայիսի 24-ին  Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ Ս․ Գասպարյանը Մ․ Համզյանին գրավոր հայտնել է, որ քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտման նպատակով անհրաժեշտ  է անհապաղ դադարեցնել զբոսայգու վերակառուցման աշխատանքները, մինչեւ քրեական գործով դրանց օրինաչափության  հարցը լուծելը։ Քաղաքապետ Վ․ Ղալումյանը Համզյանին գրավոր հայտնել է, որ վարչական ակտի իրավաչափության հարցը   քննելու եւ  որոշում կայացնելու իրավասություն  ունի բացառապես վերադաս վարչական մարմինը կամ ՀՀ վարչական դատարանը եւ խնդրել է  շարունակել  աշխատանքները, այլապես ընկերությունը պայմանագրով  սահմանված  պատասխանատվություն կկրի։  Հունիսի 18-ին Համզյանը Վ․ Ղալում յանին հայտնել է , որ մի խումբ կանայք եւ երեխաներ ակցիա իրականացնելով՝  քանդում են իրենց շարած սալիկները, կտրում լարերը, պատռում փոշուց պաշտպանվելու համար պաստառները։ Համզյանն  այդ մասին հայտնել է նաեւ ոստիկանություն։ Հունիսի 25-ին  Վ․ Ղալումյանին ուղարկած գրությամբ Համզյանը հայտնել է, որ  այդ օրը , առավոտյան նշված կանայք կրկին խոչընդոտել են իրենց աշխատանքները եւ քաղաքապետին  առաջարկել է կամ անորոշ ժամկետով դադարեցնել պայմանագիրը կամ՝ է լուծել այն։ Մ․ Համզյանից  տեղեկացա, որ շինաշխատանքները դադարեցված են, մինչ այժմ  կատարվել են  զբոսայգու  վերակառուցման համար նախատեսված աշխատանքների 30 տոկոսը։ Վ․ Մելիքբեկյանը քաղաքապետ Վ․ Ղալումյանի  գործողությունների իրավաչափությունը  վիճարկելով՝ դիմել է    վարչական դատարանի Սեւանի  նստավայր։

Հրապարակվել է։ 09:47 29/06/2019