Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Ինչո՞ւ է «ԷկոՏավուշի» կաթնամթերքը Իջեւանում թանկ վաճառվում

2010թ. մայիսի 22-ին Իջեւանում Ֆրանսիայի Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դեւեջյանը եւ Տավուշի նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանը ստորագրել են համատեղ նկատառումների հուշագիր: 2011թ. մարտին Ֆրանսիայում երկու կողմերը ստորագրել են Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի և Տավուշի մարզի միջև ապակենտրոնացված համագործակցության շրջանակային պայմանագիր: Տավուշի մարզին Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի դեպարտամենտի աջակցությունն ուղղված է մարզի գյուղատնտեսության զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, սահմանագոտու բնակիչների կենսամակարդակի բարելավմանը: «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամը ստեղծվել է Ֆրանսիայի հայկական հիմնադրամի կողմից: Այսօր՝ մայիսի 24-ին եղանք Իջեւան քաղաքի շուկային հարակից տարածքում գործող, «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի ստեղծած « ԷկոՏավուշ» ՍՊԸ ֆիրմային խանութում: Խանութում գտնվելու մոտ 15 րոպեների ընթացքում ոչ մի հաճախորդ խանութ չմտավ: Վաճառողուհին չցանկացավ, որ իրեն լուսանկարենք: Նրան հարցրինք,թե ինչո՞ւ կաթնամթերքի գները որոշ դեպքերում գրված են ոչ թե կիլոգրամի, այլ 100 գրամի հաշվով: Նա ասաց, որ դա քաղաքակիրթ առեւտրի ձեւ է: Վաճառողուհուն հարցրինք, թե ինչո՞ւ է պանրի մեկ կիլոգրամը 1950 դրամ, երբ Տավուշի մարզում որակյալ, բնապահպանական առումով մաքուր պանրի կիլոգրամի գինը 1500-1700 դրամ է: Նա ասաց, որ իրենց վաճառած պանիրն արտադրված է անարատ, վարակազերծված պանրից: Նախկինում, 3 տարի առաջ «ՀիմնաՏավուշի» ֆիրմային խանութը գտնվում էր Իջեւանի Անկախության փողոցում,այնտեղ գները մատչելի էին: Տավուշի մարզկենտրոնի բնակիչները աշխույժ կերպով գնում էին այդ խանութում վաճառվող կաթնամթերքը: «ԷկոՏավուշի» արտադրած պանիրը հիմնականում արտահանվում է Ռուսաստան: Տավուշի մարզի բնակիչները լավատեղյակ չեն «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի գործունեությունից, գիտեն, որ այդ հիմնադրամը մարզի գյուղերում 7 անասնաֆերմա է ստեղծել: Այդ հիմնադրամի գործունեությունից գոհ է Լուսաձոր համայնքի ղեկավար Վարդան Սարդարյանը, ում խոսքերով՝ հիմնադրամն իրենց համայնքի խոշոր եղջերավորների տոհմային կազմը բարելավելու համար 2 տոհմային ցուլիկ է նվիրաբերել, գյուղի դպրոցի պատուհանները փոխարինել է եվրոպատուհաններով, համայնքի համար 8 հեկտար ցորեն է ցանել եւ այլն: Նախկինում տեղեկացրել ենք, որ 2016թ. հուլիսին «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի Լուսաձորի անասնապահական ֆերմայի տարածքում հորել են փչացած 3,5 տոննա պանիր: Հայտնել ենք նաեւ, որ գյուղատնտեսության ոլորտում բացառիկ ներդրման համար ՀՀ գյուղնախարարության ոսկե մեդալի արժանացած «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի կոմերցիայի եւ բիզնեսի գծով տնօրեն Ռոբերտ Նավասարդյանը 2016թ. ազատվել է այդ պաշտոնից, Հրաչ Թումանյանը՝ «ՀիմնաՏավուշի» տնօրենի պաշտոնից: Հիմնադրամում իշխում են բարեկամական կապերը: Սուրեն Գեւորգյանը լինելով Ֆրանսիայի հայկական հիմնադրամի տնօրեն, նաեւ «ՀիմնաՏավուշի» տնօրենն է, նրա կին Հասմիկը՝ «ԷկոՏավուշի» տնօրենը, վերջինիս հորեղբոր որդին՝ «ՀիմնաՏավուշի» փոխտնօրենը: Հասմիկ Գեւորգյանի հորեղբոր որդի Տիգրանը, ով նախկինում Երեւանի քաղաքապետարանում վարորդ էր, «ՀիմնաՏավուշի» փոխտնօրենն է: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 00:00 25/05/2018

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM