Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ինչպես Իջեւանի քաղաքապետարանը ֆինանսավորեց Ն. Փաշինյանին ձոնված Լ. Չիբուխչյանի գիրքը

Նախկինում հայտնել ենք, որ Տավուշի նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանի խորհրդական, 2014թ. այդ պաշտոնից ազատված իջեւանցի 68-ամյա բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանը նշանավոր տարբեր գործիչներին գրքեր է ձոնել, նա այժմ 177 էջանոց գիրք է ձոնել Նիկոլ Փաշինյանին, որը վերնագրված է` «Իջեւան մոլորակից իջած փրկիչը»: Այսօր`հոկտեմբերի 29-ին համացանցում մեծ աղմուկ է բարձրացել այն բանից,որ այդ գրքի տպագրությունը ֆինանսավորել է Իջեւանի քաղաքապետարանը: Այդ մասին մանրամասներ իմանալու համար զանգահարեցինք Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանին: Նա ասաց, որ 2018թ. սեպտեմբերի 15-ին Լյուբիկ Չիբուխչյանն իրեն դիմում է գրել, ուր ասված է. «Արգո քաղաքապետ, մի խումբ հայրենակիցների խնդրանքով ես ձրի գրեցի Նիկոլ Փաշինյանին նվիրված 180 էջանոց գիրք, որի առաջին օրինակը առձեռն տրվեց հենց իրեն, եւ փոխհամաձայնություն կայացավ շնորհանդեսը կազմակերպել ձեր ղեկավարությամբ, ուստի խնդրում եմ գրքի տպագրության համար 220 հազար դրամի( երկու հարյուր քսան հազար դրամ) ձեր աջակցությունը: Դիմող` Լ. Չիբուխչյան»: Քաղաքապետը հայտնեց, որ ինքը Լ. Չիբուխչյանին հայտնել է, որ նա դիմի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող, մշակութային հարցերով զբաղվող «Ավանդույթ» համայնքային ոչ առեւտրական կազմակերպություն, պայմանագիր կնքի եւ ստանա գրքի տպագրության գումարը, 220 հազար դրամը նրան տրամադրվել է: Վ. Ղալումյանն ասաց, որ այսօր` հոկտեմբերի 29-ին Լ. Չիբուխչյանը Ն. Փաշինյանին նվիրված գրքի մի օրինակը նվիրել է Իջեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին,որն էլ գրքի տպագրության ֆինանսավորման մասին տեղեկատվությունը տեղադրել է քաղաքապետարանի ինտերնետային կայքում: Հավելենք, որ այդ տեղեկատվությունը քաղաքապետարանի ինտերնետային կայքից հետո հանվել է: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 21:00 29/10/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia