Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ջրագծի վթարից առաջացած հեղեղի պատճառած վնասները հատուցելու պահանջով

Մեկ տարի առաջ հայտնել ենք, որ 2017թ. սեպտեմբերի 17-ին, առավոտյան ժամը 10-ի սահմաններում, Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի` Վրաստանին սահմանակից Բագրատաշեն գյուղում արտակարգ դեպք է տեղի ունեցել քանդվել է Բագրատաշեն գյուղ մտնող ոռոգման մեծ ջրատարը: Ջրատարի ջուրը վերեւից մտել է Բագրատաշենի 2 առանձնատան տարածք: Դրանից մեկի բնակիչները տեւական ժամանակ Վրաստանի Բաթումի քաղաքում են բնակվում: Բագրատաշենի վարչական ղեկավար Արկադի Մակյանի վկայությամբ` ջրի հոսանքն այդ տանը մեծ վնաս չի պատճառել: Քանդված ջրագծի հեղեղը մեծ վնասներ է պատճառել Բագրատաշենի բնակիչ Մայոր Մելքումյանի առանձնատանը: Հեղեղը տան գույքը մեծ չափով վնասել է, Մելքումյանների այգուց հավաքված, պարկերի մեջ դրված պնդուկը հայտնվել էր ցեխի մեջ, դարձել օգտագործման համար անպիտան: Բագրատաշեն, արտակարգ դեպքի վայր է ժամանել «Տավուշ» ջուր օգտագործողների ընկերության՝ Նոյեմբերյանի մասնաճյուղի ղեկավար Գագիկ Վերանյանը: Ոռոգման ջրագծի սկզբում սնուցումը անջատվել է, սակայն շուրջ 10 կմ երկարությամբ ջրատարում ջուրը շարունակել է հոսել եւ վնասներ պատճառել: 2018թ. հունվարի 26-ին Բագրատաշենի բնակիչներ Գարեգին, Մարինե եւ Ստելլա Մելքումյաններն իրենց հեղեղված տանը պատճառված վնասին համապատասխան գումար բռնագանձելու պահանջով ընդդեմ Իջեւանի տարածաշրջանի Աչաջուր գյուղում տեղակայված «Տավուշ» ջուրօգտագործողների ընկերության հայցադիմում են ներկայացրել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Նոյեմբերյանի նստավայր: Նրանք միջնորդել են տարաժամկետել պետական տուրքի վճարումը եւ դրան անդրադառնալ դատարանի վճռով, պատճառաբանելով, որ գտնվում են նյութապես անապահով վիճակում, որի վերաբերյալ ներկայացրել են Այրում համայնքի Բագրատաշեն բնակավայրի վարչական ղեկավարի տրամադրած տեղեկանքը: Դատավոր Արման Կուրեխյանը որոշել է պետական տուրքի վճարումը հետաձգելու միջնորդությունը բավարարել, հայցադիմումն ընդունել վարույթ: Հայցվորները դատարանին միջնորդել են որպես հայցի ապահովում կիրառելու միջոց «Տավուշ» ջուր օգտագործողների ընկերության գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դնել, սակայն դատարանն այդ միջնորդությունը մերժել է: Սույն քաղաքացիական հայցով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում մեկնարկել է 2018թ. մարտի 7-ին, հերթական նիստը նշանակված է սեպտեմբերի 12-ին: Դատարանում հայցվորների շահերը պաշտպանում է Իջեւան քաղաքից փաստաբան Կարեն Ղալումյանը: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 21:00 13/09/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia