Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Կարեն Ղազարյանի անհետանալը Բերդավան գյուղում որոշակի անհանգստություն է առաջացրել

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղի 34-ամյա բնակիչ Կարեն Ղազարյանի ծնողները լուր չունեն հուլիսի 15-ին գյուղից անհետացած, Ադրբեջանի տարածքում գտնվող իրենց որդուց: Կ. Ղազարյանը, համագյուղացիների վկայությամբ, թեեւ հոգեկան շեղումներ ունի, սակայն արտառոց վարք չի ցուցաբերել:  Նա երբեք ագրեսիվություն չի դրսեւորել, Ադրբեջանի տարածքում հայտնվելուց մի քանի օր առաջ Նոյեմբերյան քաղաքի սրճարաններից մեկում իր ընկերների հետ զրուցել, սրճել է: Նրանց ընտանիքը գյուղում հագուստեղենի ոչ մեծ խանութ ունի: Կարենի մայրը Բերդավանի միջնակարգ դպրոցում քիմիա եւ կենսաբանություն է դասավանդում, հայրը չի աշխատում, Կարենի քույրը բժշկական համալսարանն ավարտելուց հետո տեղափոխվել է ԱՄՆ, այնտեղ է ապրում: Կարեն Ղազարյանը բարձրագույն կրթություն ունի: Բերդավանցիներն ասում են, որ Կ. Ղազարյանի ընտանիքը երկու մարդատար ավտոմեքենա ունի, Կարենը չէր սիրում ոտքով քայլել, ինքը վարում էր մարդատար ավտոմեքենա,մի քանի ամիսը մեկ գնումներ կատարելու համար ավտոմեքենայով Վրաստան էր մեկնում: Բերդավանի բնակիչները չեն հավատում, որ մաքրություն սիրող, կոշիկները միշտ փայլուն պահող երիտասարդը կարող էր գիշերը դաշտերով բավական տարածություն անցնել, հայտնվել Ադրբեջանի տարածքում: Բերդավանի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանը հայտնեց, որ Կ. Ղազարյանի անհետանալը գյուղում որոշակի անհանգստություն է առաջացրել: Խոշորացված Նոյեմբերյան համայնքի (որը ներառում է նաեւ Բերդավան գյուղը) ղեկավար Կարեն Աբազյանի որոշմամբ՝ երկարաձգվել է Բերդավանի գիշերային լուսավորության ցանցի աշխատանքի ժամանակացույցը, եթե նախկինում գիշերային լուսավորության լամպերը սահմանամերձ գյուղում միացված էին մինչեւ կեսգիշեր կամ մինչեւ գիշերվա ժամը մեկը, այժմ դրանք վառվում են մինչեւ գիշերվա ժամը 4-ը: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 07:55 30/07/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia