Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Կայացավ «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովը (ֆոտոշարք)

Սեպտեմբերի 9-ին Իջեւանում, Տավուշի մարզպետարանում կայացավ «Իմ քայլը հանուն Տավուշի»  ներդրումային համաժողովը,մորին մասնակցում էին Տավուշի մարզից սերված, Հայաստանում, արտերկրում բնակվող գործարարներ: Ելույթ ունեցան Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ն. Փաշինյանը նշեց,որ դա նման մարզային առաջին համաժողովն է, Հայաստանում տնտեսական զարգացում կլինի, եթե գործարարները եւ կառավարությունը կարողանան իսկական գործընկերային հարաբերություններ հաստատել: Ելույթ ունեցան Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Արշակ Գրիգորյանը, Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծությունների բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը, ներկայացվեցին բիզնես գաղափարներ, որոնք կարող են Տավուշի մարզում հաջողությամբ կենսագործվել, եթե դրանց համար ֆինանսական ներդրումներ լինեն: Տեսահոլովակների միջոցով ներկայացվեցին Տավուշի մարզում բիզնեսի հաջողված պատմություններ: Դրանցից է «Տավուշտեքստիլը», որի սեփականատեր եւ հիմնադիր Սուրեն Երիցյանը ներկայացնելով ձեռնարկության անցած ճանապարհը, նշեց, որ տեքստիլ արտադրությունը Հայաստանում հեռանկար ունի: Ելույթ ունենալով՝ Տավուշի մարզի առանձնահատուկ նշանակությունը, մարզում ազատ տնտեսական գոտի ստեղծելու անհրաժեշտությունը նշեց Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Վարչապետ Ն. Փաշինյանը համաժողովը ստացված համարելով, նշեց, որ Հայաստանում, ցավոք սրտի, երկար տարիներ վարվել է աղքատության խրախուսման քաղաքականություն, որը պետք է փոխարինվի աշխատանքի խրախուսման քաղաքականությամբ: Համաժողովի ավարտին Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը հայտարարեց, որ ինքը կապի մեջ է լինելու եւ հայրական օջախի ծուխը ծխացող կրտսեր եղբոր իրավունքով մի քիչ էլ պահանջելու է ծագումով տավուշցի գործարարներից: Համաժողովից հետո գործարարների հետ հանդիպումը  շարունակվեց Իջեւանի «Քարվանսարա» ռեստորանահյուրանոցային համալիրում: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ        

Հրապարակվել է։ 23:00 09/09/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia