Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Խոշտանգման գործով տուժողի որովայնի վնասվածքը վիրաբույժը համարել է հարցական

Հուլիսի 24-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում կայացավ ոստիկանության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ, Գանձաքար գյուղի 37-ամյա բնակիչ Գերասիմ Մարդանյանի դատավարության հերթական նիստը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. հոկտեմբերի 4-ին ոստիկանության Իջեւանի բաժնի շենքում խոշտանգել է Ժորա Սիմոնյանին: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով («Խոշտանգումը»): Գ. Մարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Մեղադրական կողմը ներկայացնում է ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ վարչության դատախազ Վարդգես Սարգսյանը : Ժ. Սիմոնյանի շահերը դատարանում ներկայացնում է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը: Հուլիսի 24-ի նիստում հարցաքննեցին գործով վկաներ, ոստիկանության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին օպեր -լիազոր, ներկայումս ճանապարհային ոստիկանության տեսուչ Արա Աստանյանը, ոստիկանության Իջեւանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Հրանտ Խանզրատյանը, Իջեւանի բժշկական կենտրոնի վիրաբույժ Նելսիկ Աբազյանը, նույն ԲԿ-ի սոնոգրաֆիստ Անահիտ Սարգսյանը, տուժող Ժորա Սիմոնյանի կինը`Ամալյա Առուստամյանը: Արա Աստանյանը եւ Հրանտ Խանզրատյանը ցուցմունք տվեցին, որ 2017թ. հոկտեմբերի 4-ին ոստիկանության Իջեւանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Իջեւանի «Խոլարքեր» հանդամասում ապօրինի ծառահատումներ են կատարվել, հատված փայտանյութը բեռնատարով տեղափոխվել- թափվել է անտառի եզրին, քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները առանց միջամտելու մինչեւ Այգեհովիտ գյուղ հետեւել են փայտանյութը տեղափոխած «Գազ-66» մակնիշի ավտոմեքենան: Այգեհովտի բնակիչ Վահրամ Սիմոնյանի վարած «ԳԱԶ-66» ավտոմեքենային հետեւած ոստիկանները բեռնատարի հետեւից գնացել են Այգեհովիտ, Վահրամ Սիմոնյանի եղբոր`Սասուն Սիմոնյանի առանձնատան բակ, որտեղից բեռնատարը ոստիկանների պահանջով տեղափոխվել է ոստիկանության Իջեւանի բաժին: Քրեական գործով տուժող Ժորա Սիմոնյանը պատրաստակամություն է հայտնել այդ բեռնատարը վարելով՝ տեղափոխել ոստիկանության Իջեւանի բաժին: Մեղադրող Վարդգես Սարգսյանը Արա Աստանյանին հարցեր ուղղելով` փորձում էր պարզել, թե ինչպես է նա վերջինս քրեական հետախուզության մեջ նորահայտ՝ համոզելու եղանակով բերման ենթարկել ապօրինի անտառահատման մեջ կասկածված Ժորա Սիմոնյանին: Իրենց ցուցմունքներում Արա Աստանյանը, Հրանտ Խանզրատյանը ժխտեցին, որ Գերասիմ Մարդանյանը ոստիկանության Իջեւանի բաժնի շենքում, հարվածել, խոշտանգել է Ժորա Սիմոնյանին: Նրանք հայտնեցին, որ Ժ. Սիմոնյանը Արա Աստանյանի աշխատասենյակում անհանգստացած ու ագրեսիվ էր, ոստիկաններին ասում էր, որ իզուր են իրեն, իր Վահրամ եղբորը ու բեռնատարը բերել Իջեւանի բաժին, իրենք ապօրինի անտառհատման հետ կապ չունեն: Գերասիմ Մարդանյանի պաշտպան Ռոբերտ Ալիխանյանը վկա, Իջեւանի ԲԿ-ի վիրաբույժ Նելսիկ Աբազյանին հարցրեց, որ եթե ԲԿ-ում կատարված օբյեկտիվ, կլինիկական, գործիքային, սոնոգրաֆիկ հետազոտությունները վկայել են, որ իբր Գերասիմ Մարդանյանի ծեծի հետեւանքով որովայնի շրջանում ցավերից դժգոհող Ժորա Սիմոնյանի որովայնում, ներքին օրգաններում ոչ մի վնասվածք չի եղել, ինչու է նա իր եզրակացության մեջ գրել՝ որովայնի փակ տրամվա ՝ հարցականով: Վիրաբույժն ասաց, որ գանգատվողի առողջական վիճակը պետք է դիտարկել դինամիկայի մեջ, այդ ժամանակ նրա որովայնում վնասվածք չի բացահայտվել, սակայն ինքը չէր կարող բացառել, որ հետո, առնվազն 3 օրվա ընթացքում դրանք կարող էին ի հայտ գալ: Պատասխանելով այդ մասին պաշտպան Ալիխանյանի հերթական հարցադրմանը՝ Աբազյանն ասաց՝ քննիչն է գրել: Պատասխանելով պաշտպան Ալիխանյանի այն հարցին, թե որովայնի փակ տրավմայի առկայության մասին վկայող ինչ ախտանիշներ եւ փոփոխություններ է հայտնաբերել իր կողմից կատարված սոնոգրաֆիկ հետազոտությամբ, ինչ է նշանակում նրա կողմից կատարված հետազոտությամբ որովայնի ներսում ազատ հեղուկ չհայտնաբերվելու մասին հիվանդության պատմության մեջ կատարված գրառումը, սոնոգրաֆիստ Ա. Սարգսյանն ասաց, որ դա նշանակում է, որ որովայնի խոռոչում տրամվայի առկայության որեւէ փոփոխություններ եւ տվյալներ առկա չեն: Դատավոր Զոյա Զաքինյանը քրեական գործում նշված, Ժորա Սիմոնյանի աջ ոտքի ստորին եւ վերին երրորդականի երկու քերծվածքին մասին վիրաբույժ Ն. Աբազյանին հարցրեց՝ եթե ոտքով հարվածել են մարդու ոտքին, ինչ վնասվածքներ կառաջանան: Վիրաբույժն ասաց՝ նման դեպքում սալջարդի առաջացման հավանականությունը մեծ է: Իսկ քրեական գործում սալջարդի մասին հիշատակում չկա: Դատական հաջորդ նիստում պետք է հարցաքննվի ամբաստանյալ Գերասիմ Մարդանյանը, նիստը նշանակվեց սեպտեմբերի 11-ին: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 18:55 27/07/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia