Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Կիրանցի անտառներում գտնվող հնամենի վանքերը կործանվում են

Վերջին տարիներին Հայաստանում մեծահարուստները բազմաթիվ եկեղեցիներ են կառուցել, իսկ անտառներում եւ սարերում հնամենի եկեղեցիները ու վանքերը անտերության պատճառով կործանվում են: Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Կիրանց եւ Աճարկուտ գյուղերի շրջակա անտառներում են գտնվում Կիրանց, Առաքելոց, Սամսոնի եւ Դեղձնուտ վանքերը: 13-րդ դարում կառուցված Կիրանցի վանական համալիրը գտնվում է Կիրանց գետի ձախ ափին, անտառի բացատում: Վանքի ստեղծման ժամանակ այնտեղ բնակվել են քաղկեդոնություն ընդունած հայեր: Վանական համալիրի բոլոր կառույցներն աղյուսաշեն են եւ այդ առումով հայկական միջնադարյան ճարտարապետության եզակի հուշարձաններից են: Աճարկուտ համայնքի ղեկավար Մանվել Ավետիքյանը հայտնեց, որ Կիրանցի վանքը կանգուն է,սակայն վանքի լանջերին բուսնած ճառեր կան, որոնք քայքայում են պատերը: Առաքելոց վանքը Հայ առաքելական եկեղեցու հին կոթող է, գտնվում է Կիրանց գյուղից 3 կմ արեւմուտք, անտառապատ լեռների լանջերին: Սամսոնի վանքը կառուցված Խնձորկուտ կոչվող անտառապատ սարահարթի վրա, 12-13-րդ դարերում: Այդ վանական համալիրը բաղկացած է երկու եկեղեցուց, մատուռից, գերեզմանատնից, բնակելի ու տնտեսական նշանակություն ունեցող օժանդակ շինություններից, որոնք կառուցված են մոխրագույն ավազով, սրբատաշ քարերով: Դրանք բոլորն էլ գտնվում են ավերված վիճակում: Ավերված վիճակում է նաեւ 12-13-րդ դարերի Դեղձնուտի վանքը, որը միջնադարյան հայ ճարտարապետության արժեքավոր հուշարձաններից է: Աճարկուտի գյուղապետը հայտնեց, որ դեպի նշված վանքերը տանող ճանապարհներ կան, սակայն Կիրանցի, Դեղձնուտի եւ Սամսոնի վանքեր կարելի է հասնել միայն բեռնատար, մեծ անցունողականություն ունեցող ավտոմեքենաներով: Զբոսաշրջիկները, հիմնականում պատմական հուշարձանների եւ էսքտրիմ տուրիզմի սիրահարներ, այցելում են այդ վանքեր: Հայաստանի հարեւան ադրբեջանցիները իրենց համար պատմություն են հորինում, իսկ հայոց պատմության վկաներ վանքերն աստիճանաբար կործանվում են: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 16:00 10/02/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia