+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Կողբի եւ Հախումի ջրամբարները չեն կառուցվում, մեր ջրերը հոսում են Ադրբեջան

Ոսկեպար, Կողբագետ, Քարահան,Հախում գետերի ջրերը հոսում են Ադրբեջան, ոռոգում այդ երկրի տարածքները: Հարկ է Տավուշում ոռոգման ջրամբարներ կառուցել եւ ավելացնել մարզի ոռոգելի հողերը, որոնք այժմ 6 հազար հեկտար են կազմում: 2017թ. Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հայտարարել է, որ գոյություն ունի Տավուշում փոքր եւ միջին ջրամբարների կառուցման ծրագիր, ինքը ՀՀ վարչապետին Տավուշի մարզում 14 փոքր եւ միջին ջրամբարների կառուցման ծրագիր է ներկայացրել: Դրանք հնարավորություն կունենան մինչեւ 10 միլիոն խորանարդ մետր ջուր կուտակել, որի շնորհիվ ոռոգելի կդառնա 4 հազար հեկտար տարածք: Այդ ջրամբարների կառուցման ընդհանուր ծախսը կազմում է 8 միլիարդ 450 միլիոն դրամ: Մարզպետը հայտարարել է, որ կառուցվելիք Հախումի եւ Կողբի ջրամբարներում նախատեսվում է կուտակել 2 միլիոն խորանարդ մետր ջուր, որ փոքր եւ միջին ջրամբարներ կառուցելու համար անհրաժեշտ ֆինանսների խնդիրը լուծելու նպատակով մտադիր են ներգրավել նաեւ մասնավոր ներդրողներ: Փետրվարի 21-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին գրավոր հարցում ենք ուղարկել. «Ե՞րբ է նախատեսվում կառուցել Կողբի եւ Հախումի ջրամբարները, դրա համար ինչքա՞ն գումար է հատկացվելու»: Ի պատասխան ստացվել է Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արման Գեւորգյանի պատասխանը, ուր ասվում է, որ Կողբի եւ Հախումի ջրամբարների կառուցման խնդիրը գտնվում է ուսումնասիրության փուլում: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 23:00 01/03/2018