Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

«Կյանքն ինչպես որ կա»` Նոյեմբերյանի բեմում

Դեկտեմբերի 12-ին Նոյեմբերյանի մշակույթի տան(տնօրեն`Սոնա Զուրաբյան) բեմում ներկայացվեց Սամվել Բեգլարյանի «Կյանքն ինչպես որ կա» երկու գործողությամբ պիեսը: Ս. Բեգլարյանը ոչ միայն սցենարի հեղինակն է, ռեժիսորը, այլ նաեւ`բեմադրության դերասաններից մեկը: Ներկայացված պատմությունն արդիական, ցավոտ թեմային`արտագաղթին է առնչվում: Հայ Մակիչը ճակատագրի բերումով հայտնվել է Ռուսաստանում, որտեղ, չնայած քրտնաջան աշխատանքին, արժանանում է ռուս կնոջ եւ զոքանչի ծաղրուծանակին եւ վիրավորական արտահայտություններին`սեւաքամակ, արմյաշկա եւ այլն: Մակիչը զոքանչի մատնությամբ հայտնվում է ազատազրկման վայրում եւ ի վերջո վերցնում ճամպրուկը, վերադառնում հայրենիք, ուր ծիրանենիներն են ծաղկում, դուդուկի հոգեթով հնչյուներն են հնչում: Թատերախմբի դերասաններից առաջատարը Վահե Հովաննիսյանն է, որի խաղը բնական է եւ համոզիչ: Լկտի եւ շահամոլ զոքանչի դերը լավ է կատարում Նաիրա Աբրահամյանը, հաջողված է նաեւ դերասաններ Ինեսա Ասատրյանի, Գեղամ Բաբաջանյանի, Անդրանիկ Միքայելյանի խաղը: Նկարչական ձեւավորումը կատարել է նկարչուհի Սիրանուշ Ամիրաղյանը, երաժշտական ձեւավորումը`Գագիկ Մելքոնյանը: Ներկայացմանը ներկա էին խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը`իր տիկնոջ հետ, Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը: Ներկայացումը կայացավ ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությամբ: Բեմադրությունը բարձր գնահատեց մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Հայրապետյան-Սեւունցը:

Հրապարակվել է։ 23:00 12/12/2017

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia