Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

«Կյանք ու կռիվ- 2-ի» Նոյեմբերյանում ցուցադրման պատճառով գրողին սեռական հայհոյանք են տվել

Հոկտեմբերի 12-ին, ժամը 19-ին Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնում նախատեսված էր «Կյանք եւ կռիվ-2» ֆիլմի ցուցադրումը: Այդ կինոդիտման տոմսերը Նոյեմբերյան քաղաքում վաճառվել են հիմնարկությունների աշխատողներին, 1000 դրամով: Տոմսի վրա ռուսերեն գրված է՝ «Յուրյան ժամանակաշրջանի աշխարհը-2»: Ֆիլմի ազդագրի վրա տանկ է պատկերված, տոմսի վրա՝ անհետացած նախնադարյան կենդանի: Տոմսի հակառակ կողմում ստորագրություն է: Ազդագրի եւ տոմսի հակասության վերաբերյալ Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի ռեժիսոր Սամվել Բեգլարյանը զանգահարել է տոմսին առկա հեռախոսահամարով: Այդ հեռախոսազրույցի ժամանակ Ս. Բեգլարյանի հարցերին ի պատասխան, նրա հետ խոսող տղամարդը սեռական հայհոյանք է տվել, ինչին Ս. Բեգլարյանը հակադարձել է: Մենք զանգահարեցինք տոմսին առկա հեռախոսահամարով: Տղամարդը ներկայացավ որպես ֆիլմի ցուցադրումն իրականացնող կազմակերպության ղեկավար Հրաչ Առաքելյան, սակայն՝ այդպես էլ չնշելով կազմակերպության անվանումը: Նա ասաց, որ ցուցադրվող ֆիլմն իրենք փոխել են նոյեմբերյանցի պաշտոնյայի հետ զրույցի արդյունքում, քանի որ պաշտոնյան ասել է, որ յուրյան դարաշրջանի մասին ֆիլմը նոյեմբերյանցիներին չի հետաքրքրի: Նա հայտնեց, որ Սամվել Բեգլարյանի հետ սկզբում խոսել է իրենց աշխատակցուհին, հետո վերջինիս քրոջ 16-ամյա որդին է հեռախոսը վերցրել, կոշտ զրույց ունեցել: Նա ասաց, որ ֆիլմի ցուցադրումից հասույթը նախատեսում էին հատկացնել 12 տարեկան երեխայի, մեզ հորդորեց նշված թեմայով նյութ չգրել, ասելով, որ մեր հարցերը կլուծեն, նաեւ հարցրեց, թե պատրա՞ստ ենք հրապարակվելիք նյութի վերաբերյալ ոստիկանությունում պատասխան տալ: Ասացինք, որ մեր մասնագիտական պարտքն ենք կատարում: Հետո նա մեզ զանգահարեց, հավելեց, որ մեր հարցադրումները վանեցին իրեն, հոկտեմբերի 12-ին Նոյեմբերյանում նախատեսված կինոդիտումը չի կայանալու: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 17:00 09/10/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia