Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Lուսահովտի 8-ամյա կրթությամբ նորընտիր համայնքապետը դատապարտվել է անասնագողության համար

Հոկտեմբերի 21-ին Իջեւանի տարածաշրջանի Լուսահովիտ համայնքում տեղի ունեցան համայնքի ղեկավարի ընտրություններ: Թեկնածուները ի սկզբանե 3-ն էին՝ անկուսակցականներ Հունան Անանյանը, Լիպարիտ Թիրաբյանը, Գրիգոր Սարհատյանը, սեպտեմբերի 27-ին Հ, Անանյանն ինքնաբացարկ է ներկայացրել: Իջեւան քաղաքում տեղակայված թիվ 38 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանից տեղեկացանք, որ հոկտեմբերի 21-ին Լուսահովտում կայացած ընտրությունների վերաբերյալ բողոքներ չկան: Ցուցակային 264 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 175-ը: 4 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, Գ. Սարհատյանը ստացել է 97, Լ. Թիրաբյանը՝ 74 քվե: Գ. Սարհատյանը Լուսահովտի նախկին գյուղապետ, հանգուցյալ Վոլոդյա Սարհատյանի որդին է: Նորընտիր համայնքապետը 2 տարի առաջ դատապարտվել է անասնագողության համար: 1984թ. ծնված, ութամյա կրթությամբ Վոլոդյա Սարհատյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2015թ. սեպտեմբերի 12-14-ն ընկած ժամանակահատվածում Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակի գյուղի «Կարմրուտ» հանդամասից գաղտնի հափշտակել է Խաշթառակ գյուղի բնակիչ Գրետա Թիրաբյանի ընտանիքին պատկանող, 1 միլիոն 500 հազար դրամ ընդհանուր արժեքով 7 գլուխ խոշոր եղջերավոր անասունը: Խաշթառակը եւ Լուսահովիտը հարեւան համայնքներ են: Գ. Սարհատյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով («Գողությունը, որ կատարվել է խոշոր չափերով»): Տավուշի մարզի դատախազությունը Գրիգոր Սարհատյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, կալանքի միջնորդություն է ներկայացրել, սակայն Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը մերժել է այդ միջնորդությունը: Դրանից հետո Տավուշի դատախազությունը դատարանի այդ որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել, սակայն՝ ապարդյուն, Գ. Սարհատյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը 2016թ. մարտի 5-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Գ. Սարհատյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածում եւ դատապարտել 2 տարի ժամկետով ազատազրկման: Գ. Սարհատյանի պաշտպանը այդ վճռի դեմ վերաքննիչ, հետո վճռաբեկ բողոքներ է ներկայացրել, սակայն ՀՀ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններն այդ բողոքները մերժել են: 2016թ. դեկտեմբերի 19-ին Իջեւանում դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը քննելով Գ. Սարհատյանի դիմումը դատավճռով նշանակված ազատազրկումը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին եւ հաշվի առնելով, որ նա դատապարտվելուց հետո լրիվությամբ հատուցել է քրեական գործով տուժողին պատճառված վնասը, վերջինս բողոք կամ պահանջ չունի ու նպատակահարմար չի գտնում Գ. Սարհատյանին հասարակությունից մեկուսացնելը, որոշել է Գ. Սարհատյանի ազատազրկման ձեւով պատիժը փոխարինել այլընտրանքային պատժատեսակով եւ որպես հիմնական պատիժ նշանակել հանրային աշխատանքները`2200 ժամ ժամկետով: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 13:00 23/10/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia