+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Մահացու ելքով վրաերթից հետո Վրաստան հեռացած բագրատաշենցին ոստիկանություն է ներկայացել

Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի 33-ամյա բնակիչ Արտուշ Մաթեւոսյանը փետրվարի 15-ին,գիշերվա ժամը 1-ին Բագրատաշենի սահմանային անցակետի մոտ գտնվող տարածքում իր «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավոտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի 41-ամյա բնակիչ Ռաֆիկ Ավանեսյանին: Վերջինս վարորդ էր, նա Բագրատաշեն էր եկել ավտոմեքենա տեղափոխելու: Դեպքի վայր ժամանած բժիշկները փորձել են վիրավորին տեղափոխել Նոյեմբերյանի հիվանդանոց, սակայն նա արդեն մահացած է եղել: Արտուշ Մաթեւոսյանը վթարից հետո վիրավորին թողնելով, լքելով իր ավտոմեքենան, 20 րոպե անց Բագրատաշենի սահմանային անցակետով մտել է Վրաստանի տարածք: Նրա «Տոյոտա Քեմրի» ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Իրավապահներից տեղեկացանք,որ Ա. Մաթեւոսյանը հետո ներկայացել է ոստիկանություն, նա ձերբակալվել է: Այսօր`փետրվարի 20-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում քննվելու է, որպես խափանման միջոց, նրան երկամսյա կալանքի ենթարկելու քննիչի միջնորդությունը: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի («Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» ) եւ 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով («ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը տրանսպորտային միջոց վարող եւ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտած անձի կողմից»): Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 19:00 20/02/2018