Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Մակարավանքում թմրանյութ հյուրասիրած, երկու անչափահասների 25-ամյա մայրն ազատազրկվեց

Մակարավանքում թմրանյութ հյուրասիրած, երկու անչափահասների 25-ամյա մայրն ազատազրկվեց

2017թ. հուլիսի 13-ին Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Սեւքար գյուղի բնակչուհի, 1992թ. ծնված, ամուսնալուծված, խնամքին 2 անչափահաս երեխա ունեցող Աննա Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. հունիսի 19-ին Տավուշի մարզի Սեւքար գյուղի սկզբնամասից հավաքելու միջոցով ձեռք է բերել մարիխուանա տեսակի թմրամիջոց`իր օգտագործման նպատակով, որի մի մասը 2017թ. հունիսի 23-ի ժամը 17-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի իրացրել է Սեւքար գյուղի բնակիչ Գ. Մ.-ին, իսկ մնացած մասը`2 փաթեթներում փաթաթված, ընդհանուր 1.07 գրամ հաստատուն քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցը իր օգտագործման նպատակով պահել է իր մոտ, որը նույն օրը, ժամը 22.35-ին հայտնաբերվել է նրա մոտ, ՀՀ ոստիկանության Իջեւանի բաժնում կատարված անձնական խուզարկությամբ: Ա. Հովսեփյանը 2017թ. հուլիսի 19-ից գտնվել է կալանքի տակ:

Դատարանում Ա. Հովսեփյանը իրեն մեղավոր չի ճանաչել, սակայն նախաքննության ընթացքում իրեն մեղավոր է ճանաչել եւ ցուցմունք է տվել այն մասին, որ 2017թ. հունիսի 19-ին Սեւքար գյուղ գնալու ժամանակ ճանապարհի եզրին նկատել է վայրի աճած կանեփի թփեր եւ իր օգտագործման համար այդ թփերից պոկել է մի քանի տերեւ եւ բարձրացել գյուղում գտնվող իրենց տուն: Տուն հասնելով`այդ տերեւները լցրել է թղթի վրա, ապա դրել արեւի տակ`չորացնելու համար: 2017թ հունիսի 23-ին արդեն չորացած տերեւները մանրացրել է եւ փաթաթելով թղթի մեջ`դրել գրպանը:

Դրանից հետ պայմանավորվել է Աչաջուր գյուղի բնակիչ Գ. Մ.-ի հետ գնալ Աչաջրում գտնվող Մակարավանք, տանից ուղեւորվել է դեպի Աչաջրի սկզբնամաս, որտեղ իրեն դիմավորել է Գ. Մ.-ն՝ իրեն անծանոթ ինչ-որ տղայի հետ, որն իրեն անծանոթ մեքենայով իրենց տեղափոխել է Մակարավանք վանական համալիր եւ այնտեղ իրենց թողնելով`իջել է: Մակարավանքի մոտ զբոսնելու ժամանակ իր մոտ ցանկություն է առաջացել օգտագործել իր գրպանում գտնվող կանեփի չորացած տերեւները: Այդ նպատակով տարածքում փնտրել եւ գտել է պլաստմասե մի շիշ, որի մեջ լցրել է կանեփի չորացած տերեւների մի մասը, իսկ մյուս մասը դրել է իր գրպանը: Տերեւները լցրելուց հետո իր գրպանում եղած ծխախոտի ստվարաթղթով փակել է պլաստմասե շշի բերանը եւ վառել տերեւները: Դրանց այրվելու հետեւանքով առաջացած ծխից 4-5 անգամ շնչել է, իր հետ գտնվող Գ. Մ.-ն հարցրել է, թե ինքն ինչ է անում, պատասխանել է, որ թմրանյութ է օգտագործում, որից հետո նրան առաջարկել է նրան այդ ծխից շնչել: Գ. Մ.-ն վերցրել է շիշը, շնչել դրա մեջ եղած ծխից եւ շիշը դեն նետել:

Դրանից հետո նույն մեքենայով իջել են Աչաջուր գյուղի կենտրոնական հատված, ուր ոստիկանության աշխատակիցները մոտեցել են եւ բերման ենթարկել ոստիկանության Իջեւանի բաժին: Այնտեղ անձնական խուզարկության ժամանակ Աննայի մոտ հայտնաբերել են Մակարավանքում գրպանում դրված կանեփի մանրացված տերեւները`2 թղթի մեջ փաթաթված, որ նա պահել է հետագայում օգտագործելու նպատակով:

2017թ. հոկտեմբերի 26-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Աննա Հովսեփյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասով եւ 268 հոդվածի 1-ին մասով, 266 հոդվածի 1-ին մասով նրան դատապարտել 3 տարի ժամկետով ազատազրկման, 268 հոդվածի 1-ին մասով նրան դատապարտել է 3 ամիս ժամկետով ազատազրկման, ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ`նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու սկզբունքով նրան վերջնականապես դատապարտել է 3 տարի, 1 ամիս ժամկետով ազատազրկման:

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ այդ դատավճիռը չի բողոքարկվել եւ մտել է օրինական ուժի մեջ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 16:00 29/11/2017

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
ՍՊԱՍԱՐԿՎՈՒՄ է ՝ CREATE'IT SOFTWARE ՍՊԸ-ի կողմից
Շահավետ տեխնոլոգիական լուծումներ