Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Մանկուց ուղեղից կաթվածահար երիտասարդը հաշմանդամի կարգավիճակ չի ստանում

Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղ մեկնեցինք 56-ամյա կնոջ`Սոֆյա Խաչիկյանի ահազանգ-խնդրանքից հետո: Սոֆյան 1995թ.-ին ամուսնացել է, մեկ տարի անց՝ փաստացի ամուսնալուծվել: Նրա միակ զավակը`Դավիթը, մանկուց տառապում է կենտրոնական նյարդային համակարգի կաթված հիվանդությամբ, նա նաեւ ոտքերի հետ կապված խնդիրներ ունի: Սոֆյան ասում է, որ ոտքերի վիճակի պատճառով, որդու համար ստեպ-ստեպ նոր կոշիկ են վերցնում, որի գումարը մարել են չեն կարողանում: Դավիթը մինչեւ 17 տարեկանը հաշմանդամության թոշակ է ստացել, սակայն 6 տարի առաջ նրան զրկել են թոշակից, նրան հաշմանդամի կարգավիճակ չեն տալիս: Սոֆյայի առողջական վիճակն էլ շատ վատ է, 1985թ. Ռուսաստանում ավտովթարից հետո նա նյարդային ապրումներ է ունեցել: Նա տառապում է շաքարախտով, հաճախ արյան մեջ շաքարի պարունակությունը 27 տոկոս է լինում, ինսուլին է սրսկվում: Կնոջ մի աչքը կուրանում է, վաղը նա Երեւանում բժշկի է այցելելու, սակայն աչքի վիրահատության գումարը չունի: Սոֆյան 2-րդ խմբի հաշմանդամ է, նրա հաշմանդամության թոշակը նախկինում եղել է 13 հազար դրամ, հիմա 22 հազար դրամ է: Սոֆյան ասում է, որ ընտանեկան նպաստը 10 ամիս չէին վճարում, քանի որ Երեւանում անծանոթ տղաներ խաբեությամբ Դավթին վարկային պատմության մեջ են ներքաշել: Ընտանիքը գոյատեւելու միջոցներ չունի, ապառիկ վերցրած սննդի համար խանութներին պարտքեր ունի, չի վճարել նաեւ ձմռան վառելափայտի համար համագյուղացուն վճարելիք գումարը: Սոֆյա Խաչիկյանը բնակվում է մորական պապի երկսենյականոց, կղմինդրածածկ խրճիթում, որի տանիքը վնասված է, անձրեւն ու ձյունը տուն են լցվում, պատերի մեջ մեծ ճեղքեր կան: Սոֆյան ասաց, որ Նոյեմբերյանի համայնքապետարանը մի անգամ իրենց օգնել է 30 հազար դրամով, այլ տեղերից օգնություն չեն ստացել: Նա հայտնեց, որ բազում անգամ մտածել է ինքնասպան լինելու մասին: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 17:00 14/11/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia