Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Մարզային «Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում

Տավուշի մարզի բնակիչները թվային հեռարձակմամբ կարող են դիտել ընդամենը 9 հեռուստաալիք: Դրանցից մեկը`Տավուշի մարզային «Տավուշի ՏՎ» -ն շուրջ մեկ ամիս է, ինչ դադարեցրել է հեռարձակումը: Այդ հեռուստաընկերությունը նախկինում Տավուշի մարզի իրադարձությունների վերաբերյալ նորություններ եւ այլ հաղորդումներ չէր թողարկում, այլ՝ վերահեռարձում էր ՀՀԿ-ի «Արարատ» հեռուստաընկերության հաղորդումները: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2017թ. հունվարի 10-ի վճռով «Տավուշ-ՏՎ» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ, նույն դատարանի 2017թ. փետրվարի 13-ի որոշմամբ սնանկության կառավարիչ է նշանակվել Գեւորգ Ավագյանը, պարտատերերի առաջին ժողովը նշանակվել է 2017թ. մայիսի 3-ին: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2017թ. հուլիսի 27-ի որոշմամբ «Տավուշ-ՏՎ» ՍՊԸ-ն գտնվում է լուծարման վարույթում: Ընկերության սնանկության կառավարիչ Գեւորգ Ավագյանն ասաց, որ 2017թ. դեկտեմբերից լուծարման վարույթը վերսկսվել է: Նա հայտնեց, որ «Տավուշի ՏՎ» -ի պարտատերերը 3-ն են`հարկային տեսչությունը, ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը եւ Հայաստանի հեռուստատեսային ցանցերը: Գ. Ավագյանն ասաց, որ 2018 թվականին հաղորդումների հեռարձակում իրականացնելու համար «Հայաստանի հեռուստատեսային ցանցեր» ընկերությունը «Տավուշ-ՏՎ» ՍՊԸ-ից պահանջում է 4 միլիոն դրամ: ՀՀՑ-ն այդ ծառայավճարը պահանջում է մաս-մաս, ամեն ամիս, սակայն «Տավուշ-ՏՎ» ՍՊԸ-ն ի վիճակի չէ այն վճարելու: Գ. Ավագյանի խոսքերով`եթե ներդրողներ,հովանավորներ գտնվեն, հնարավոր է ֆինանսապես առողջացնել ընկերությունը: Նրան հարցրինք, թե ով է մարզային հեռուստաընկերության սեփականատերը: Գ. Ավագյանը հայտնեց, որ Տավուշի մարզի բնակիչ ֆիզիկական անձ է: Մարզային հեռուստաընկերության եթերից դուրս գալը վնաս է տավուշցիներին,ովքեր թվային 9 հեռուստաալիքներից մեկից զրկվել են: Սահմանամերձ մարզի բնակիչները զրկված են իրենց մարզում կատարվող իրադարձությունների մասին տեղեկատվություն ստանալու համար նախատեսված միջոցից: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 23:00 03/04/2018

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM