Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Մարզխորհրդի նիստում շուրջ 200 հոգուց ոչ մեկը զեկուցողներին հարցեր չուներ

Այսօր`դեկտեմբերի 27-ին կայացավ Տավուշի մարզխորհրդի նիստ, որը վարում էր Տավուշի մարզպետի տեղակալ Լեւոն Սարգսյանը: Նիստի օրակարգում 5 հարցեր էին: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի զբոսաշրջության, զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը ներկայացրեց 2017թ. ընթացքում Տավուշի մարզում իրականացված ծրագրերը, գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը ՝ տարվա ընթացքում մարզի գյուղատնտեսության ձեռքբերումները, մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի վարիչ Նաիրի Մելքումյանը՝ մարզի առողջապահական հիմնարկների աուդիտի արդյունքները, մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռոբերտ Ներսեսյանը՝ մարզի համայնքների կողմից սեփական եկամուտների կատարողականների մասին տվյալներ, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը ամփոփեց մարզի հանրակրթության բնագավառում կատարված աշխատանքները: Մարզխորհորդի նիստը տեւեց մոտ մեկ ժամ: Ամեն զեկուցողի ելույթի հետո մարզպետի տեղակալ Լեւոն Սարգսյանը ներկաներին՝ մարզի համայնքների ղեկավարներին, հանրակրթական դպրոցների տնօրեններին, առողջապահական հիմնարկների ղեկավարներին հարցնում էր , թե նրանք ինչ հարցեր ունեն: Նիստին մասնակցած շուրջ 200 հոգուց ոչ մեկը հարց չտվեց: Գուցե դրա պատճառը ներկաների տարեմուտյան տրամադրությունն էր: Երբ նիստն ավարտելուց առաջ Լեւոն Սարգսյանը ամանորի առթիվ շնորհավորանքի խոսքեր հնչեցրեց, դահլիճում ծափահարեցին:

Հրապարակվել է։ 00:00 28/12/2017

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia