Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Մարզպետարանը չլուծեց «ՀիմնաՏավուշի» պանրագործարանից տարածվող գարշահոտի խնդիրը

Իջեւանի տարածաշրջանի Լուսաձոր գյուղի տարածքում, Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի եզրին գործում են    «ՀիմնաՏավուշի»  հիմնադրամի անասնապահական ֆերման եւ պանրագործարանը; Դրանց գործունեության հետեւանքով միջպետական ավտոճանապարհի այդ հատվածում մշտապես գարշահոտ է, ճանապարհով երթեւեկողներին խեղդրում է ծանր, տհաճ հոտը։ 2019թ.  հուլիսի 10-ին  Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը  կարգադրել է   Լուսաձոր համայնքի շրջակայքում տարածված գարշահոտության պատճառներն ուսումնասիրելու եւ  դրանք վերացնելու համար  մարզպետարանի  աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որին կարգադրել է  սեղմ ժամկետում  ուսումնասիրել  Լուսաձոր համայնքի շրջակայքում տարածված գարշահոտության առաջացման  պատճառները  եւ ներկայացնել տեղեկատվություն, մշակել եւ ներկայացնել  առաջարկություններ վերհանված խնդիրների լուծման ուղղությամբ։   «Ժողովուրդը» մարզպետին գրավոր գրավոր դիմելով՝ հարցրել է, թե աշխատանքային խումբը պարզե՞ց գարշահոտության առաջացման  պատճառները եւ ի՞նչ առաջարկություններ վերհանված խնդիրների լուծման ուղղությամբ։ Նոյեմբերի 7-ին մարզպետը գրավոր պատասխանում ասված է «ՀՀ Տավուշի մարզպետի 2019թ. հուլիսի 10-ի  թիվ 238-Ա կարգադրությամբ ստեղծվել է Լուսաձոր համայնքի շրջակայքում տարածված գարշահոտության պատճառներն ուսումնասիրելու եւ  դրանք վերացնելու համար աշխատանքային խումբ: Հուլիս ամսվա ընթացքում աշխատանքային խմբի անդամները մի քանի անգամ այցելել են տարածք, հանդիպել «Հայաստան» հիմնադրամի գյուղերի զարգացման ծրագրերի շրջանակներում գործող «ՀիմնաՏավուշ»  զարգացման  հիմնադրամի  կողմից Լուսաձոր համայնքում հիմնված անասնապահական ֆերմայի եւ կաթնամթերքի արտադրամասի ղեկավարների հետ: Առկա իրավիճակի ուսումնասիրությունից հետո աշխատանքային խումբը հրավիրված նիստի ժամանակ քննարկել է կատարված ուսումնասիրությունների արդյունքները, գարշահոտության պատճառները(որն առաջացել է վերամշակված շիճուկը զտելու, այնուհետև այն հորելու արդյունքում) և ներկայացվել են ֆերմայի ու համայնքի ղեկավարների հետ ունեցած պայմանավորվածությունները: Խնդիրը ռադիկալ լուծելու նպատակով առաջարկվել են մի շարք տարբերակներ: Աշխատանքային խմբի 2019թ.օգոստոսի 7-ի հերթական նիստին հրավիրվել և մասնակցել են «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի նախագահ Մարսել Կեւորկյանը,Լուսաձոր համայնքում հիմնված անասնապահական ֆերմայի եւ  կաթնամթերքի արտադրամասի տնօրենի տեղակալ Տիգրան Տոնոյանը: Քննարկումների արդյունքում որոշվել է համայնքապետարանի և արտադրամասի համատեղ ուժերով կազմակերպել եւ շիճուկը բաշխել գյուղում բնակվող անասնապահությամբ զբաղվող անապահով ընտանիքներին»: Մարզպետարանի աշխատանքային խմբի գործունեությունից   ամիսներ են անցել, փաստ է, որ այդ  խմբի գործունեությունն անօգուտ է եղել, պանրագործարանի շիճուկը շարունակում է աղտոտել  միջպետական ավտոճանապարհի շրջակայքը։

 

 

Հրապարակվել է։ 11:29 09/11/2019