Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Մարզպետարանը Դիլիջան համայնքում հսկողություն կիրականացնի

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը սեպտեմբերի 27-ին որոշում է ընդունել այս տարվա հոկտեմբեր-նոյեմբեր  ժամանակահատվածում  Դիլիջան համայնքում իրականացվելիք իրավական եւ մասնագիտական հսկողության բնագավառները եւ աշխատանքային խմբի կազմը հաստատելու մասին։ Որպես իրավական եւ մասնագիտական հսկողություն իրականացնելու իրավական հիմք են հանդիսացել  «Տեղական ինքնակառավարման մասին»  ՀՀ օրենքի 96-րդ հոդվածի 3-րդ մասը  ու տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի 2018թ դեկտեմբերի 21-ի  364-Ա  հրամանը։  Մարզպետ Չոբանյանը  Դիլիջան համայնքում  հսկողություն իրականացնող 19 հոգանոց  աշխատանքային խմբի ղեկավար է նշանակել  մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Ֆելիքս Ափինյանին , խմբի անդամներ՝ Տավուշի  մարզպետարանի պաշտոնատարների։ Դիլիջանում հսկողություն կիրականացվի ֆինանսների, կոմունալ տնտեսության,քաղաքաշինության, հողաշինության, հողօգտագործման,առողջապահության,գյուղատնտեսության եւ անասնաբուժության, տրանսպորտի, կապի ու համայնքային  կյանքի  այլ բնագավառներում։ Խոշորացված Դիլիջան համայնքի ղեկավար, 2005թվականից Դիլիջանը ղեկավարող Արմեն Սանթրոսյանին  «Ժողովուրդը»  հարցրեց, թե նախկինում Տավուշի մարզպետարանը Դիլիջան համայնքում  իրավական եւ մասնագիտական  հսկողության իրականացրե՞լ  է։ Համայնքի ղեկավարն ասաց, որ նախկինում նման հսկողություն չի իրականացվել։ Ա Սանթրոսյանը  Տավուշի մարզպետարանի կողմից տեղեկացված  չէր,որ   իր ղեկավարած համայնքում   իրավական եւ մասնագիտական   հսկողություն  է իրականացվելու։  Մարզպետի որոշմամբ  Դիլիջան համայնքում իրավական եւ մասնագիտական հսկողություն  իրականացնելուց հետո աշխատանքային խումբը կկազմի  արձանագրություն,այդ հսկողության արդյունքները դեկտեմբերի առաջին տասնօրյակում կներկայացվեն  տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն:

 

Հրապարակվել է։ 05:50 03/10/2019