Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Մարզպետարանի քաղծառայողները պետբյուջեից պարգեւատրվել են

Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը հուլիսի 13-ին որոշում է ընդունել Տավուշի մարզպետարանի քաղաքացիական ծառայողներին պարգեւատրել 2018 թվականի առաջին կիսամյակի կատարողականի արդյունքներով, մարզպետարանի աշխատակազմի պահպանման ծախսերի «Քաղաքացիական դատական եւ պետական այլ ծառայողների պարգեւատրում» հոդվածով նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն կից հավելվածի: Այդ հավելվածը մարզպետարանի կայքում հրապարակված չէ, պարզ չէ, թե մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական քանի ծառայող որքան գումարով է պարգեւատրվել, որքան է կազմում պարգեւատրման ընդհանուր գումարը: Տավուշի մարզպետարանի աշխատակիցները նախկինում պարբերաբար պարգեւատրվել են, դրա վերաբերյալ մեր հրապարակումներին իր պատասխան 2018թ. մարտի 21-ին մարզպետարանը պարզաբանում է տվել, որ քաղծառայողների կիսամյակային պարգևատրումը օրենքի պահանջ է, իսկ չկատարելը կդիտվի որպես օրենքի խախտում, համաձայն «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի՝ յուրաքանչյուր մարմնի համար պարգեւատրման ֆոնդը կազմում է ՀՀ պետական բյուջեով տվյալ մարմնի համար նախատեսված աշխատավարձի տարեկան ֆոնդի առնվազն 10 տոկոսը: Տվյալ մարմնում կիսամյակային հաշվետվությունների հիման վրա պետական ծառայողների պարգեւատրման ֆոնդից պետական ծառայողի պարգեւատրման չափը հաստատում է նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող անձը` հիմք ընդունելով պետական ծառայողի անմիջական ղեկավարի տված ծառայողական գործունեության գնահատման եզրակացությունը: Պետական ծառայողը պարգևատրվում է, եթե նրա կատարողականի կիսամյակային գնահատականը կամ կիսամյակային հաշվետվության վերաբերյալ պետական ծառայողի ղեկավարի տված եզրակացությունը դրական է, եւ նա այդ կիսամյակում աշխատել է վեց ամիս: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 18:55 27/07/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia