Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Մարզպետարանից հօգուտ Դեբեդավանի դպրոցի տնօրենի գումարներ կբռնագանձվեն

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Դեբեդավան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Մարինե Հարությունյանը 2018թ. մայիսի 8-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տավուշի մարզպետարանի, Տավուշի մարզպետ (այժմ`նախկին) Հովիկ Աբովյանի 2018թ. ապրիլի 17-ի որոշումը (իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ) անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու եւ հարկադիր պարապուրդի գումարի բռնագանձման պահանջներով: Մարզպետն այդ ժամանակ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մ. Հարությունյանին աշխատանքից ազատել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113 -րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, այն է`աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու հիմքով: Մայիսի 14-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատավոր Սիմա Իսկանդարյանը հայցը վարույթ է ընդունել: 2018թ. հունիսի 12-ին կայացած Դեբեդավանի դպրոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթում Մ. Հարությունյանը հաղթել է, հունիսի 25-ին մարզպետ Վահե Ղալումյանը որոշում է ընդունել Մ. Հարությունյանին Դեբեդավանի միջնակարգ դպրոցի տնօրեն նշանակելու, նրա հետ 5 տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու վերաբերյալ: 2018թ. հոկտեմբերի 18-ին Իջեւան քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատավոր Սիմա Իսկանդարյանը վճռել է դատական հայցը բավարարել ամբողջությամբ, Տավուշի մարզպետարանի 2018թ. ապրիլի 17-ի թիվ 48 որոշումն ճանաչել անվավեր, Տավուշի մարզպետարանից հօգուտ Մարինե Գավրուշի Հարությունյանի բռնագանձել նրա միջին աշխատավարձը`հարկադիր պարապուրդի ողջ, սկսած 2017թ. ապրիլի 17-ից մինչեւ 2017թ. հունիսի 25-ն ընկած ժամանակահատվածի համար, միջին աշխատավարձը հաշվարկելով աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով, քաղաքացիական գործի վարույթը`հայցվոր Մ. Հարությունյանին նախկին աշխատանքում վերականգնելու պահանջի մասով մերժել, Տավուշի մարզպետարանից հօգուտ ՀՀ պետբյուջեի բռնագանձել 4 հազար դրամ`որպես ոչ գույքային պահանջի մասով վճարման ենթակա պետական տուրքի գումար, մարզպետարանից հօգուտ պետբյուջեի բռնագանձել պետական տուրք`հավաքվելիք եւ բռնագանձման ենթակա հարկադիր պարապուրդի գումարի 2 տոկոսի չափով, մարզպետարանից հօգուտ Մ. Հարությունյանի բռնագանձել 100 հազար դրամ`որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ Լուսանկարում՝ Մարինե Հարությունյանը

Հրապարակվել է։ 21:00 26/10/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia