+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Մարզպետը դպրոցի տնօրեն նշանակելիս այս անգամ հաշվի է առել փոխվարչապետ Վ, Գաբրիելյանի կարծիքը

Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշենի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարվել է 2018թ. հունվարի 16-ին մրցույթ անցկացնելու մասին: Դպրոցի տնօրենի թեկնածուները 2-ն են եղել՝ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի որոշմամբ 2017թ. նոյեմբերի 3-ին Վազաշենի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Օլյա Դալլաքյանը եւ այդ դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Կարինե Դանիելյանը: Վերջինս ասաց, որ մրցույթը չի կայացել, քանի որ մրցութային հանձնաժողովի 8 անդամներից 4-ը` Տավուշի մարզպետարանի 2 ներկայացուցիչները, ԿԳՆ -ի եւ Վազաշենի համայնքապետարանի ներկայացուցիչները մրցույթին չեն ներկայացել, քվորում չի եղել: Կարինե Դանիելյանը հայտնեց,որ նույն պատճառով չի կայացել նաեւ հունվարի 23-ին անցկացվելիք մրցույթը, մրցութային հանձնաժողովի նույն անդամները նորից մրցույթին չեն ներկայացել: Դպրոցի տնօրենի 2 թեկնածուների անձնական գործերն ուղարկվել են կառավարություն: Դպրոցի տնօրենի թեկնածու Կ. Դանիելյանն ասաց, որ հունվար ամսին դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Օլյա Դալլաքյանը ուսումնական գծով փոխտնօրենի իր դրույքաչափը նախկին 130 հազար դրամի փոխարեն սահմանել է 90 հազար դրամ, իր ունեցած 0.5 դրույքաչափը դարձրել 0.25 : Կ. Դանիելյանը հայտնեց, որ այդ պատճառով ինքը որպես ուսմասվար նախկին 65 հազար դրամի փոխարեն, հարկային պահումներից հետո, այժմ ստանում է 17 հազար դրամ աշխատավարձ: Նա Օ. Դալլաքյանի այդ որոշումը համարում է այն բանի հետեւանք, որ ինքն իր թեկնածությունն առաջադրել է դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում Այսօր` փետրվարի 26-ին մարզպետ Հ. Աբովյանը հիմք ընդունելով ՀՀ միջազգային ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի 2018թ. փետրվարի 21-ի գրությունը, որոշել է Օլյա Դալլաքյանին 2018թ. փետրվարի 26-ից նշանակել «ՀՀ Տավուշի մարզի Վազաշենի միջնակարգ դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում, կնքել աշխատանքային պայմանագիր եւ լուծել Օլյա Դալլաքյանի հետ 2017թ. նոյեմբերի 3-ին կնքված աշխատանքային պայմանագիրը: Նշենք, որ մարզպետ Հ. Աբովյանը սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուրի դպրոցի տնօրեն նշանակելիս հաշվի չէր առել փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի կարծիքը: Վ. Գաբրիելյանը 2018թ. հունվարի 8-ին մարզպետ Հ. Աբովյանին ուղարկված գրությամբ առաջարկել է Վ. Կարմիրաղբյուրի դպրոցի տնօրեն նշանակել այդ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Անուշ Եսայանին, սակայն մարզպետը վերջինիս դպրոցի տնօրեն չի նշանակել: Մարզպետը փետրվարի 8-ին որոշել է մինչեւ մրցույթով տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելը Անահիտ Ջուլհակյանին 2018թ. փետրվարի 9-ից նշանակել «ՀՀ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար եւ կնքել աշխատանքային պայմանագիր: Հավելենք՝ Տավուշի մարզպետ Հ. Աբովյանի որոշումներում, որոնք հրապարակված են Տավուշի մարզպետարանի կայքում, Օլյա Դալլաքյանի հայրանունը փոքր-ինչ տարբեր է. մարզպետի 2017թ. նոյեմբերի 3-ի որոշման մեջ Օ. Դալլաքյանի հայրանունը նշված է Ռոլան, իսկ 2018թ. փետրվարի 26-ի որոշման մեջ`Ռոլանդ: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 14:00 26/02/2018