Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Մարզպետը` «ՀիմնաՏավուշի» անասնաֆերմայի «ֆրանսիական դուխիի» մասին

«ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամը Իջեւանի տարածաշրջանի Լուսաձոր գյուղի տարածքում, միջպետական ավտոճանապարհի մոտ, անասնապահական ֆերմայում պահվող կովերից, նույն վայրում գտնվող պանրի արտադրամասում պանիր, այլ կաթնամթերք է արտադրում: Այդ կաթնամթերքն արտահանվում է Ռուսաստանի դաշնություն: Տավուշի մարզի խանութներում «ՀիմնաՏավուշի» արտադրած պանիրը, այլ կաթնամթերքը չեն վաճառվում: «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի Լուսաձորի անասնապահական ֆերմայից եւ պանրի արտադրամասից գարշահոտը տարածվում է միջպետական ավտոճանապարհին, այդ ճանապարհին երթեւեկողներին մեծ տհաճություն պատճառելով: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է: Նա հայտնեց, որ «ՀիմնաՏավուշ» հիմնադրամը Տավուշի մարզի գյուղերում մինչ այժմ 7 փոքր անասնաֆերմա է ստեղծել, ոռոգման ջրագծեր կառուցել, տավուշցի այգեգործներին պտղատու ծառերի տնկիներ է տրամադրել: Այժմ հիմնադրամը բիզնես ծրագիր է իրականացնում, բարձրորակ կաթնամթերք արտադրում, արտահանելով Ռուսաստան: Հովիկ Աբովյանը տեղեկացրեց, որ փետրվարի վերջին կկայանա հիմնադրամի աշխատանքային ժողով, որի ժամանակ կքննարկեն, թե 2018 թվականին «ՀիմնաՏավուշը» ինչ ծրագրեր է իրականացնելու: Հիմնադրամը ֆինանսավորվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Ֆրանսիայի Օ-Դը –Սեն նահանգի կողմից, նրանք են որոշում, թե ֆինանսներն ինչ նպատակներով են ծախսվելու: Հ.Աբովյանի խոսքերով` «Հայաստան » համահայկական հիմնադրամը եւ Օ-դը-Սեն նահանգը նվազեցրել են «ՀիմնաՏավուշի» ֆինանսավորումը, 2017թ. «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի բյուջեն ուղղված էր տնտեսության ուժեղացմանը, որպեսզի բիզնեսի միջոցով հիմնադրամը ինքնաբավ դառնա եւ բիզնեսից ստացված շահույթներով մարզի գյուղատնտեսական զարգացման ուղղված ծրագրեր իրականացնի: Հիմնադրամի տարածած գարշահոտի վերաբերյալ մեր հարցին ի պատասխան մարզպետն ասաց, որ համայնքային խնդիր է: Առարկեցինք, որ նշված անասնաֆերման գտնվում է Լուսաձորի տարածքում, սակայն՝ միջպետական ավտոճանապարհի եզրին, դա համայնքային խնդիր չէ: Մարզպետն ասաց, որ չնայած ինքն էլ զգացել այդ հոտը, սակայն բնակիչներից այդ առթիվ բողոքներ չի ստացել: Նրան տեղեկացրինք, որ Տավուշի մարզի բնակիչներն այդ կապակցությամբ դժգոհել են: Հ. Աբովյանն ասաց . «Ցավոք սրտի, անասնագոմից ֆրանսիական դուխիի հոտ չի գալիս, որքան էլ կովերը ֆրանսիական լինեն»: Հավելենք, որ Լուսաձորի վարչական տարածքում, միջպետական ավտոճանապարհին այժմ շարունակում է գարշահոտ տիրել: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 23:00 16/02/2018

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM