ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ


Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Մարզպետի եւ համայնքի ավագանու ներկայությամբ վատացել է Ազատամուտի համայնքապետի ինքնազգացողությունը

Այսօր`հունիսի 26-ին Իջեւանի Ազատամուտ համայնքի ավագանու մի խումբ անդամներ ավագանի-համայնքապետ հակամարտության հետ կապված Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի մոտ ընդունելության են եղել: Մարզպետից տեղեկացանք, որ լսելով նրանց` ինքը որոշել է այսօր Ազատամուտի համայնքապետարանում, ավագանու անդամների, համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի եւ համայնքապետարանի աշխատակիցների ներկայությամբ քննարկել խնդիրը: Այդ հանդիպմանը մասնակցել են նաեւ գյուղի մի խումբ բնակիչներ: Մարզպետի մասնակցությամբ լուծվել է համայնքապետարանի որոշ փաստաթղթերի ավագանու անդամներին տրամադրման հարցը: Այդ փաստաթղթերը նախկինում հասու չէին Ժորա Մարտիրոսյանին ընդդիմադիր ավագանու 5 անդամներին: Ավագանու անդամներից ոմանք համայնքի ղեկավարին դժգոհություն են հայտնել ավագանու աշխատասենյակին տրամադրված սեղանների վերաբերյալ, ասելով, որ դրանք թաղման արարողության սեղաններ են: Որոշվել է որ առաջիկա ուրբաթ օրը`հունիսի 29-ին կկայանա Ազատամուտ համայնքի ավագանու նիստ,որի օրակարգում համայնքի բյուջեի հաստատման, գյուղի մանկապարտեզի վերագործարկման հարցերն են: Համայնքի մանկապարտեզը ներկայումս չի գործում, քանի որ հիմնարկի հաստիքացուցակը հաստատված չէ: Ազատամուտի համայնքի ավագանու անդամները շեշտել են այն փաստը, որ համայնքում աղբահանությամբ զբաղվող, 72 հազար դրամ աշխատավարձ ստացող 2 աշխատողների տարեկան աշխատավարձի ընդհանուր գումարը անցյալ տարի կազմել է 1 միլիոն 728 հազար դրամ, մինչդեռ այդ աշխատակիցները 2017թ.-ին համայնքում հավաքագրել են ընդամենը 924 հազար դրամ աղբահանության վճար: Համայնքի ավագանին ավագանու կանոնակարգում փոփոխության նախագիծ է ներկայացրել, որպեսզի ավագանու անդամները ոչ թե հաստատեն համայնքապետի առաջարկած համայնքային ենթակայության հիմնարկների տնօրենների թեկնածուներին, այլ՝ ավագանին իրավունք ունենա այդ թեկնածուներին որոշելու: Այդ նախագիծը փորձաքննության է ուղարկվել ՀՀ արդարադատության նախարարություն: Հանդիպման ժամանակ ավագանու անդամները եւ համայնքապետ ժորա Մարտիրոսյանը միմյանց վիրավորական խոսքեր են ասել, հանդիպման վերջնամասում Ժորա Մարտիրոսյանն ասել է, որ իր ինքնազգացողությունը վատացել է: 1949թ. ծնված, ՀՀԿ անդամ Ժորա Մարտիրոսյանը 2008 թվականից  ղեկավարում է Ազատամուտ համայնքը: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 15:00 26/06/2018