Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Մացառախոզի ապօրինի որսի համար 70-ամյա իջեւանցին դատապարտվեց

Իջեւան քաղաքի բնակիչ, 1948թ. ծնված Աշոտ Ղեւոնդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ. փետրվարի 14-ին, ապօրինի որս կատարելու դիտավորությամբ, Արշոյի հուշաղբյուր կոչվող տարածքում տեղադրած թակարդով 2018թ. փետրվարի 17-ին որսացել է ՀՀ Կարմիր գրքում գրանցված Հնդկական վայրենակերպ մացառախոզ տեսակի կենդանի, որի որսն ամբողջությամբ արգելված է: Ա. Ղեւոնդյանն այդ կերպ պետությանը պատճառել է 25 հազար դրամի վնաս: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 294 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով («Ապօրինի որսը, որը կատարվել է այնպիսի թռչունների ու վայրի կենդանիների նկատմամբ, որոնց որսն ամբողջովին արգելված է»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը Ա. Ղեւոնդյանի նկատմամբ պատիժ նշանակելիս, որպես պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանքներ, հաշվի է առել այն, որ նա նախկինում ոչնչով արատավորված չէ, բնութագրվում է դրական, կենսաթոշակառու է: Մայիսի 22-ին Իջեւան քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը վճռել է Աշոտ Ղեւոնդյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 294 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով եւ նրան դատապարտել 400 հազար դրամի չափով տուգանքի: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 22:35 14/06/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia