Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Մայրերի եւ սիրո փառաբանման երեկո Նոյեմբերյանում` Լիանա Զուրաբյանի կատարմամբ

Ապրիլի 6-ին սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքի մշակույթի կենտրոնում կայացավ «Մեր տան Աստվածն է մայրս» խորագրով գրական-երաժշտական երեկո, որը նվիրված էր մայրության եւ գեղեցկության տոնին: Ասմունքող Լիանա Զուրաբյանը արմատներով Նոյեմբերյանի տարածաշրջանից է, նրա հայրը`Բերդավանից, մայրը Կողբից է սերում: Լիանան տոնական ծրագրով գեղեցիկ, հաջողված ելույթներ ունեցավ իր հայրենակիցների առջեւ: Նա ասմունքեց Պարույր Սեւակի, Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի, Համո Սահյանի,Գեւորգ Էմինի, Սմբատ Շահազիզի, Սասուն Պասկեւիչյանի բանաստեղծությունները: Լիանան բեմ մտավ կարմիր եւ ոսկեգույն զգեստով, ծաղիկները ձեռքին`հնչեցնելով Շիրազի «Գարնանամուտը»: Նրա ասմունքում մայրերի պաշտամունքի ու երկրպագության, նաեւ` սիրո, բաժանումի, տառապանքի գեղեցիկ խոսքեր էին,որոնք հոգեթով երաժշտության հետ հնչելով՝ բազում հուզիչ պահեր պարգեւեցին ներկաներին: Դահլիճում էին նաեւ Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված սահմանապահ զորամասի 20 զինվորներ, ովքեր ոգեւորությամբ էին ընդունում Լ. Զուրաբյանի եւ մյուսների կատարումները: Ելույթ ունեցան նաեւ Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի «Սոսե» պարային համույթը (գեղարվեստական ղեկավար`Կարինե Ջիլավյան), երգչուհի, բանաստեղծուհի Կարինե Ալեքսանյանը, պարուհի Աննա Ծատուրյանը: Դահլիճը բուռն ծափահարություններով գնահատեց Լիանա Զուրաբյանի արվեստը, Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի տնօրեն Սոնյա Զուրաբյանը նրան ծաղիկներ նվիրեց: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 22:00 06/04/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia